Լրահոս
Օրվա լրահոսը

Հատիսը պե՛տք է մնա լեռ․ բողոք՝ ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին

Հուլիս 16,2022 23:53

Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել ենք Հատիս լեռան գագաթ՝ մեր բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։

– Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի  N 967-Ն որոշման։

– Հատիսը լեռնագնացների սիրելի և ամենապահանջված լեռներից է։ Հատիսից է սկսվել շատ լեռնագնացների և արշավական խմբերի փորձառությունը։ Այս լեռը նաև ամենահաճախ այցելվողն է պարապլաներային սպորտի սիրահարների համար։ Լեռը շատ պահանջված է նաև զբոսաշրջիկների մոտ։ Կարևոր է, որպեսզի նման լեռները մնան լեռներ, չդառնան պատվանդան, իսկ վերելքը չիրականացվի մեքենաներով։ Բացի այս, նման չափի որևէ արձան ոչ միայն անդառնալի վնաս է հասցնելու Հատիսին, այլ նաև աղճատելու Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածի լեռնային տեսարանները, որոնց օրինակներով այդքան հպարտանում ենք համացանցում։ Լեռան գագաթին կառուցապատումը հստակորեն դատապարտել են Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան։

– Հատիսի գագաթին վերջին տարիներին հայտնաբերվել է նաև բրոնզ-երկաթեդարյան ամրոց և օժանդակ շինություններ։ Հնագետները դեռ չեն հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել, իսկ պատկան մարմինները՝ գրանցել հուշարձանների ցանկում, բայց այն մասնակիորեն արդեն իսկ ավերված է։ Շինարարությունը ժամանակին կանգնացնելու դեպքում, հնագետներին հնարավորություն կտրվի շարունակել այս արժեքավոր հուշարձաների պեղումները։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հստակորեն դատապարտել է կառուցապատումն ու հղում է արել նաև օրենքներին։

– Հիսուս Քրիստոնի արձանի կառուցումը անընդունելի է համարում անգամ Հայ առաքելական եկեղեցին։ Քրիստոսի արձանը «հակասում է Եկեղեցու ավանդույթին, ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին, Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։

– Կառուցապատումը պահանջել է դադարեցնել նաև ԿԳՄՍ նախարարություն՝ հղում անելով շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձանների պահպանմանն ու նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը։

– Կառուցապատման դադարեցումը պահանջել ու դրա դադարեցման մասին է հայտնել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նույնպես հղում անելով ՀՀ բնության հուշարձանների ցանկին և նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը։

Այսպիսով, բնության հուշարձանների ցանկում ընդգրկված լեռան վրա իրականացվում է անօրինական կառուցապատում։ Ավելին, նախագիծը, որին դեմ են հանդես եկել 2 նախարարություն, լեռան հետ անմիջականորեն առնչվող մի քանի մասնագիտական համայնք, բանավոր հավանության է արժանացել մեկ այլ նախարարության և ՀՀ վարչապետի կողմից։ Այս համայնքների և պարզվում է՝ նաև նախարարությունների կարծիքը հաշվի չի առնվել, հանրային լսումներ չեն անցկացվել, հաշվի չի առնվել նաև շրջակա բնակավայրերի բնակիչների կարծիքը։

Տեղեկացնում ենք, որ շինարարությունը մեծ թափով ընթանում է նաև այս պահին, երբեք չի դադարեցրել՝ չնայած Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը։

Այս գործընթացի մեջ տեսնում ենք հանրային շահի և օրենքների կոպտագույն խախտումներ, որոնք իրավապահների կողմից քննվելու փոխարեն՝ հավանության են արժանանում ամենաբարձր մակարդակով։ Այս ամբողջ նախագիծը համարում ենք մեկ մարդու քմահաճույք և դատապարտում նման քմահաճույքներին տուրք տալը։

Պահանջում ենք անմիջապես դադարեցնել շինարարությունը, վերանայել հողերի հապճեպ և կասկածելի գնով օտարումը և պետությանը հասցված վնասի ուսումնասիրություն իրականացնել։ Հետագա նման նախագծերը օրենքին համապատասխանեցնելուց բացի պետք է անցնեն շահակիր համայնքների հետ հանրային լսումների միջով։ Ամենաթողության ու հովանավորչության նման նախադեպ թույլ տալ չի՛ կարելի։

Հատիսը պե՛տք է մնա լեռ։

Գագաթը՝ գագա՛թ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031