Լրահոս
Օրվա լրահոսը

Փառատոնային Գյումրի` յուրատեսակ աշխատանքների ցուցադրմամբ (Ֆոտոշարք)

Հուլիս 16,2022 22:11

Այսօր Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ «Գյումրի․ վարպետաց քաղաք» փառատոնը, որը մեծ թվով ժողովրդական վարպետների էր հյուրընկալել Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ երկրներից՝  վառ գույներ ու աննկարագրելի բարձր տրամադրություն հաղորդելով քաղաքին։

60 տաղավարներ էին տեղադրված, որտեղ ցուցադրվում էին ազգային արհեստների, արվեստների տարբեր գործեր՝ արծաթագործների,կավագործների, տիկնիկագործների, ասեղնագործների, գորգագործների, փայտագործների, խեցեգործների աշխատանքների յուրօրինակ նմուշներ, ինչպես նաև ազգային խոհանոցի համեղ կերակրատեսակներ։ Հայկականին միախառնվել էր ռուսական ու բելառուսական  մշակույթը՝ նրանց ազգային երգն ու պարը, ինչպես նաև լարախաղը։

Փառատոնն ուղեկցում էր նաև վարպետության դասերով։

Այսօրինակ փառատոները նպատակ ունեն ոչ միայն նպաստել համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու փոխանցմանը, այլ մեր երկրում մշակութային զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։ Փառատոնն ամեն տարի կազմակերպվելու է Հայաստանի տարբեր համայնքներում։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ էլ, մասնակից վարպետների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե կազմակերպիչները նախատեսել էին, հետաքրքրությունը շատ մեծ է եղել։

«Հիմնականում գյումրեցի վարպետներ են, բայց ներկայություն ունեն Հայաստանի ամենատարբեր հատվածներից, համայնքներից Գյումրի ժամանած վարպետները, որոնք ներկայացնում են ժողովրդական արվեստը և ձեռքի աշխատանքները՝ իրենց բոլոր գույներով և հնարավոր դրսևորման ձևերով»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։

Նա նշեց, որ Գյումրու զարգացումը պատկերացնում է փառատոնային կյանքի զարգացմամբ։

«Պիտի ֆիքսված օրացուցային օրեր լինեն, և՛ այցելուն, հյուրը, և՛ քաղաքի բնակիչը իմանան, որ տարվա այդ ժամանակահատվածում, օրացույցի այդ օրը հստակ միջոցառում ունի անցկացնելու, հյուրերին պիտի այդ օրը հրավիրել և ինչ է իրեն սպասում։

Ընդ որում` փառատոնային կյանքը պիտի լինի հնարավոր բոլոր ժանրերի դրսևորմամբ և ամենատարբեր եղանակներով։ Ջազային փառատոնի մասին գիտեք, ռոք փառատոն ունեցել ենք քաղաքում, դասական երաժշտության փառատոն կա, սա ժողովրդական փառատոն է , պատրաստվում ենք  ունենալ նաև ժողովրդական երաժշտության փառատոն․ ֆոլք ֆեստ, որովհետև միայն ֆիքսված փառատոնային օրերի հստակությամբ և փառատոնային կյանքի զարգացմամբ է հնարավոր պահել զարկերակի այն ռիթմը, որով այսօր ապրում է մեր քաղաքը»,-ասաց Լիլիթ Թովմասյանը։

 

Նշենք, ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ, Գյումրու համայնքապետարանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031