Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոթորիկ Կովկասում»-ը նոր հարցադրումներ է առաջ քաշում՝ ինչո՞ւ պատերազմն այդքան կործանարար եղավ հայկական կողմի համար

Հուլիս 16,2022 20:20

Ռուս վերլուծաբանը գտնում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանը պարտված կողմ է:

Այսօր Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաեւ «Փոթորիկ Կովկասում» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են 12 քաղաքագետի վերլուծություն՝ Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների ու հետեւանքների մասին։ Նշվեց, որ գիրքը հրատարակել է Մոսկվայի Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ Ռուսլան Պուխովի ղեկավարությամբ։

Հեղինակները քաղաքագետներ եւ ռազմական փորձագետներ են, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան խնդրին, մարտական գործողությունների ընթացքին, տարածաշրջանային զարգացումներին: Գրքի շնորհանդեսի ժամանակ նշվեց, որ «Փոթորիկ Կովկասում» գիրքը կարեւոր է բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է 2020-ի պատերազմում հայերի պարտության պատճառները եւ դասերը:

Հեղինակներից մեկը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է: Ըստ նրա, հայկական լրատվամիջոցներ ընթերցելիս տպավորություն է, թե Հայաստանը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում ինչ-որ տեղ՝ Բրյուսելի, Վաշինգտոնի եւ Պետերբուրգի միջեւ. «Մոսուլի, Աֆրինի կամ Թավրիզի իրադարձությունների մասին մամուլում գրեթե ոչինչ գրված չէ։ Իսկ եթե գրված է, ապա արեւմտյան կամ ռուսական լրատվամիջոցներից թարգմանված նյութերի տեսքով: Կարող է թվալ, թե Հայաստանից Բրյուսել կամ նույնիսկ Վլադիվոստոկ շատ ավելի մոտ է, քան Աֆրին կամ Իդլիբ։ Հոգեբանորեն դա այդպես է, բայց ուղիղ հեռավորությունը Հայաստանից մինչեւ Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային շրջաններ ավելի փոքր է, քան Մոսկվայից Պետերբուրգ հեռավորությունը: Մենթալ առումով Հայաստանը չի ապրում այն տարածաշրջանում, որտեղ աշխարհագրորեն գտնվում է»:

Մեկ այլ հեղինակ էլ՝ Ռուսլան Պուխովը եւ Կոնստանտին Մակիենկոն գտնում են, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ռուսաստանը պարտված կողմ է, քանի որ նրա ավանդական ազդեցության տիրույթում՝ հետխորհրդային տարածքում, Թուրքիան միջամտություն է ունեցել ու հաղթանակ տարել Ռուսաստանի դաշնակից Հայաստանի նկատմամբ:

Գրքում անդրադարձ կա նաեւ պատերազմում ԱԹՍ-ների լայնածավալ կիրառման խնդրին։ Լեոնիդ Ներսիսյանը եւ Մարկ Քազալեթը նշում են, որ հայկական ՀՕՊ-ն անպատրաստ էր դրանց դեմ պայքարելուն, եւ հայկական հրամանատարությունը պատշաճ չէր ուսումնասիրել անօդաչուների կիրառման այլ դեպքերը՝ Լիբիայում, Սիրիայում ու այլ երկրներում, որպեսզի առնվազն գոնե արդյունավետ պաշտպանություն կազմակերպեր իր մարդուժի եւ տեխնիկայի համար:

Նշվեց նաեւ, որ գիրքը նոր հարցադրումներ է առաջ քաշում՝ ինչո՞ւ պատերազմն այդքան կործանարար եղավ հայկական կողմի համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ Newmag-ի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031