Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները ԵՊՀ-ում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին

Հուլիս 16,2022 17:20

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի աշակերտական պատվիրակությունների անդամներն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել են «Միջազգային խմբային աշխատանք» մրցույթին, որտեղ նրանք ներկայացրել են թիմային գիտական նախագծեր և պաստառներ։

Նոր ձևաչափով անցկացվող այս միջոցառմանը մասնակցել են գիտությամբ հետաքրքրված ԿՄՕ-ի մասնակից շուրջ 250 աշակերտներ՝ կազմելով գիտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4-ական մասնակից տարբեր երկրներից։ Թիմերն ունեն նաև գիտական ղեկավար և համակարգող:

Մասնակիցներն ընտրել են նախապես սահմանված հինգ թեմաներից (մոլեկուլային և բջջային կենսաբանություն, կենսաբժշկություն, միջտեսակային հարաբերություններ, բիոնիկա և բիոմիմիկրիա, կենսաինֆորմատիկա ու արհեստական բանականություն) մեկը և սկսել հետազոտական աշխատանքի իրականացումը։

Հետազոտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով ընտրված թեմայի արդիականությունը, մասնակիցների մտահորիզոնը, կիրառած մեթոդոլոգիան, խմբի արդյունքներն ու եզրակացությունները, նախագծի ներկայացման որակը, իսկ վերջում՝ ժյուրիի անդամների կողմից տրված հարցերի պատասխանները:

Միջազգային խմբային աշխատանքը նոր ձևաչափ է կենսաբանության միջազգային  օլիմպիադայում, որն առաջին անգամ անցկացվել է 2020 թվականին Ճապոնիայում։

«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթը թիմային նախագիծ է, որի նպատակն է միավորել նույնանման գիտական հետաքրքրություններ և նորարար մտածողություն ունեցող աշակերտների ներուժը։

Տարբեր երկրներ և ազգեր ներկայացնող աշակերտական թիմերն առաջադրված խնդրի շուրջ իրականացնում են հետազոտական աշխատանք, որը հիշեցնում է իսկական գիտական հետազոտություն։  Այնուհետև օլիմպիականները գիտական ղեկավարների և համակարգողների օգնությամբ լուծում են առաջադրված կենսաբանական հիմնախնդիրը, ապա պաստառներով ներկայացնում իրենց աշխատանքը, որը գնահատվում է ժյուրիի կողմից: Նախագծում ընդգրկված գիտական ղեկավարներն ու համակարգողները գիտնականներ են, գիտությամբ զբաղվող ուսանողներ կամ ԿՄՕ շրջանավարտներ։

«Միջազգային խմբային աշխատանք» նախագծի ժյուրիի կազմում ընդգրկված են Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի և միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ։

«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթը մասնակցի մեջ զարգացնում է խնդիրներ առաջադրելու, հիպոթեզ կազմելու, ուսումնասիրություններ իրականացնելու և եզրակացություն անելու, ստեղծարար թիմային աշխատանք կատարելու հմտություններ:

«Միջազգային խմբային աշխատանք» մրցույթի հաղթողների անունները կհայտարարվեն վաղը՝ հուլիսի 17-ին, Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողության ժամանակ։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031