ՌԴ նախագահի տնտեսական հարցերով օգնական Մաքսիմ Օրեշկինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում SWIFT համակարգի անհրաժեշտությունից ազատվելու համար։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Այժմ սա առանցքային խնդիր է։ Մենք կենտրոնացած ենք արտաքին տնտեսական գործունեությունը հնարավորինս հարմարավետ դարձնելու վրա»,- ասել է Մաքսիմ Օրեշկինը։
Նրա խոսքով, աշխարհը դարձել է «արեւմտյան ֆինանսական համակարգի պատանդը», եւ այդ նույն սովորության եւ հարմարության պատճառով էլ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը օգտագործում էին այդ արժույթները։
«Հիմա հենց այսպիսի իրավիճակ է, մենք տեսնում ենք, որ յուանը, ընդհակառակը, շատ է աճում, ռուբլու շրջանառությունը շատ է աճում։ Մենք այնպիսի մեխանիզմներ ենք մշակելու, որոնք էլ ավելի կպարզեցնեն գործընթացը»,- ասել է Մաքսիմ Օրեշկինը։
Ըստ լրատվամիջոցների, այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հատուկ գործողություն Ուկրաինայում, ԵՄ-ն ընդունեց պատժամիջոցների 5 փաթեթ Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական հատվածի եւ էներգետիկ ոլորտի դեմ։
Հունիսի վերջին էլ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր, որ 12 երկրների 70 ֆինանսական հաստատություններ միացված են SWIFT-ի ռուսական անալոգին՝ Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (SPFS):
Հիշեցնենք, որ SWIFT-ը համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն է, որը ծածկում է ֆինանսական բոլոր գործարքների դաշտը, ցանցային է եւ նրա ազդեցությունները բոլոր բանկերի վրա էլ տարածվում են:
Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ