Արմեն Գրիգորյանի մահը հետխորհրդային Հայաստանի դատաիրավական և ընդհանրապես պետական համակարգի կողմից իրականացվող առաջին սպանությունը չէ։ Տասնյակ մահեր են արձանագրվել Հայաստանում, որոնք, ըստ էության, քաղաքական հետապնդման, հակամարդկային բռնատիրական գուլագի ժառանգորդ հանդիսացող համակարգի կողմից կատարված սպանություններ են։
2017 թ. մարտի 16-ին նույն համակարգի կողմից նույնատիպ պայմաններում սպանվեց Արթուր Սարգսյանը` «Հաց Բերողը»։ 2018թ. հոկտեմբերի 9-ին` հենց դատարանում ենթարկված դաժանագույն ծեծի արդյունքում սպանվեց Արցախյան առաջին պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանը։
Նշված երկու քաղաքական սպանությունները, որ տեղի են ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ձեռամբ` կատարվել են այսպես կոչված «նախկինների» օրոք։ Մի խմբի, որը պահապանն էր այս հրեշավոր համակարգի, որին ցավալիորեն պաշտպանում էր Արմեն Գրիգորյանը, որի ներկայացուցիչների թիմում «ներկաների» դեմ պայքարում էր եւ, որին ողբերգականորեն զոհ գնաց ինքը` Արմեն Գրիգորյանը։
Այսօր այդ համակարգը`«ներկաների» ջանքերով շարունակում է զարգանալ։
Եթե բոլոր այն մտավորականները, որ բողոքի ձայն են բարձրացնում այսօր, եթե բոլոր այն քաղաքական ուժերը, որ ցնցված են այս վերջին սպանությունից, եթե հենց ինքը` հանգուցյալ Արմեն Գրիգորյանը, ժամանակին բողոքի ձայն բարձրացնեին և պայքարի լծվեին հանուն անցումային արդարադատության` այսօր Արմեն Գրիգորյանն ու նրանից առաջ ամենակուլ հրեշին զոհ գնացածները ոչ միայն ողջ կլինեին, այլև ողջ կլիներ Հայաստանի պետությունը։
Քաղբանտարկյալներն այսօր Հայաստանում սովորական երևույթ են։ Եվ հրեշավոր համակարգը նրանց նույնպես պատրաստվում է սպանել։ Հասարակության լուռ և հանդուրժող, իսկ հաճախ անգամ ցավալիորեն հանցանկից հայացքների ներքո բանտերում կյանքի և մահվան միջև գերմարդկային ջանքեր կիրառելով` իրենց անազատությունն են կրում ծանր հիվանդությամբ տառապող, այդ նույն համակարգի դեմ ապստամբած Վարուժան Ավետիսյանն ու Մխիթար Ավետիսյանը։ Եվ ոչ միայն։
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանի քաղաքական պայքարի ուղու, բառամթերքի և հատկապես թիմի և խորքային օրակարգի հետ մենք խորապես անհամաձայն ենք։
Բայց դա ամենևին չի նշանակում, որ մարդկային կյանքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը պետք է այնքան անարժեք լինի, որ դրանից հնարավոր լինի ազատվել արտադատական վերջնարդյունքով` բանտարկությունն օգտագործելով որպես վրեժի, անարդար պատժի և մահվան գործիք։
Միաժամանակ կոչ ենք անում հասարակությանը` վերջապես սթափվել և հասկանալ, որ Հայաստանի հետխորհրդային դատաիրավական կառույցի հանցագործությունները ժառանգականորեն համակարգային են։ Հետևաբար` նրա զոհերին չի կարելի տարբերակել, և եթե այսօր այս կամ այն քաղաքական թիմից են դրանք, ապա վաղը դա կարող է լինել և լինելու է յուրաքանչյուր քաղաքացի։
Գալիք ազգային պետությունում անցումային արդարադատության կիրառումով ստեղծվելու է արդար, ազատ, ժողովրդավարական և մարդկային դատաիրավական համակարգ եւ վերականգնվելու է հասարակական համերաշխությունը։ Իսկ երեկվա և այսօրվա այսպիսի քաղաքական սպանություններն իրականացրած համակարգ ստեղծողներն ու այն ըստ իրենց նախասիրությունների կիրառողները խստագույնս պատժվելու են։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ցավակցում է Արմեն Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ
Եթե Տիգրան Մեծը հայկական բանակը չցրեր գրաված տարածքներում՝մենք ավելի հզոր կլինեինք ւ ավելի ընդարձակ պետություն կլինեինք։Տիգրան Մեծը ինչ մեղք ունի՞-նա էլ նախկիններից է….բա ա՞