Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանով դեպի Եվրոպա գազի հոսքի նման ծավալներով ավելացումը չի կարող դիտարկվել միայն բիզնես. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 16,2022 11:42

Բնապահպանորեն մաքուր եւ էժան էներգակիր համարվող բնական գազն այսօր վերածվել է աշխարհաքաղաքական գործընթացների առաջնային գործոնի՝ հետին պլան մղելով անգամ նավթը: Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնում եվրոպական երկրների տնտեսություններին, որոնք մեծապես կախված են ռուսական կապույտ վառելիքից: ՌԴ-ից Հին աշխարհամասի գազային կախվածությունը ԵՄ ուշադրության կենտրոնում էր դեռ մինչեւ ուկրաինական երկրորդ ճգնաժամը, եւ գործուն քայլեր էին արվում գազային հոսքերի բազմազանեցման եւ ռուսական գազից կախումը թուլացնելու համար: Որպես այլընտրանք՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն առաջնային կարեւորություն են տալիս «Հարավային գազային միջանցքով» գազի ծավալների մեծացմանը, իսկ դրանով Եվրոպա մղվող գազի հիմնական մասն ադրբեջանական է եւ անցնում է այդ երկրի տարածքով:

Այսօրվա դրությամբ վերոհիշյալ ուղղությամբ ադրբեջանական գազի մատակարարումները շատ փոքր են եւ չեն կարող մրցակցել, առավել եւս՝ այլընտրանք համարվել ռուսական գազին: Եվրամիությունը տարեկան սպառում է 430-470 մլրդ խմ գազ, որից մոտ 180 մլրդը ռուսական է։ Ռուսաստանը Եվրամիություն է մատակարարում նաեւ բնական հեղուկացված գազ։ Օրինակ՝ 2020 թ. երկրորդ եռամսյակում Ռուսաստանը Հին աշխարհամաս է արտահանել նրա հեղուկ գազի շուկայի մոտ 18 տոկոսը՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Կատարին ու ԱՄՆ-ին: Որպեսզի պարզ դառնա, թե ինչ գումարների մասին է խոսքը, ներկայացնենք ընթացիկ տարում գազի համար ԵՄ-ի արդեն ծախսած գումարը:

2022 թ. ԵՄ-ն գազի ներմուծման դիմաց վճարել է մոտ 78 մլրդ եվրո, որից 26.5 մլրդը՝ Ռուսաստանին, 19.2 մլրդը՝ Նորվեգիային, 5.4 մլրդը՝ Հյուսիսային Աֆրիկային եւ միայն 2.1 մլրդ եվրոն «Հարավային գազային միջանցքով» ներմուծվող գազին: Հեղուկ բնական գազի տեսքով 2022 թ. առաջին եռամսյակում Եվրամիություն է մատակարարվել մոտ 33 մլրդ եվրոյի վառելիք, որի զգալի մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին՝ ՌԴ-ի հեղուկ գազի փոխարեն։

Դժվար չէ պատկերացնելը, թե տնտեսական ծանրագույն պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ-ն ինչպես կարձագանքի իր «ռազմավարական գործընկերոջ» աննախադեպ ակտիվությանը հակառուսական տնտեսական նախագծերում, հատկապես՝ Ռուսաստանի համար այնպիսի կարեւորագույն ռեսուրսի հարցում, ինչպիսին բնական գազն է: Բաքուն այս դեպքում կարող է Մոսկվայի մոտ արդարանալ, թե անձնական ոչինչ չունի նրա դեմ, պարզապես բիզնես է անում, բայց ուկրաինական հակամարտության ֆոնին միջազգային փոխհարաբերությունների բոլոր ոլորտները, հատկապես տնտեսականը միանշանակ քաղաքական համատեքստեր ունեն, եւ Ադրբեջանով դեպի Եվրոպա գազի հոսքի նման ծավալներով ավելացումը չի կարող դիտարկվել միայն բիզնես, հետեւաբար, Մոսկվայի կոշտ պատասխանն անխուսափելի կլինի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031