Մամուլը վերջերս անդրադարձավ 44-օրյա պատերազմում ոտքը կորցրած սպայի խնդրին, ում զրկել էին կարգից եւ ամենամսյա փոխհատուցումից։ Ցավոք, այս դեպքը եզակի չէ, որովհետեւ իմ մանկության ընկերներից մեկը, ով պատերազմում նույնպես կորցրել է ստորին վերջույթը (ձախ ոտքի՝ մինչեւ ծնկամաս հատված), հաշմանդամության կարգի փոփոխությամբ պայմանավորված՝ այլեւս չի ստանալու Զինվորների ապահովագրության հիմնադրամի կողմից տրվող հատուցումները։ Իհարկե, դեռ ավելի վաղ կարող էի ներկայացնել ընկերոջս հետ պատերազմից հետո ամբողջ կատարվածը, բայց չեմ ստացել նրա թույլտվությունը։ «Չեմ ուզում,- ասել էր,- նեղված եմ, չէ՛, հայրենիքի՛ցս չէ, հայրենիքի զինվորի հանդեպ վերաբերմունքի՛ց։ Փորձաքննության ժամանակ ոտքս չկար, վերափորձաքննության ժամանակ հանկարծ պարզվեց՝ կա՞… այսքանից հետո խոսե՞լ կլինի։ Ոտքիս ցավերը չեն անցնում, պրոթեզ կրելն անհնար է այդ ցավերի պատճառով։ ԱՄՆ եմ գնալու, զարմիկիս մոտ՝ զարմիկիս միջոցներով բուժվելու (արդեն ԱՄՆ-ում է)։ Ի՞նչ խոսեմ եւ ինչո՞ւ խոսեմ»…
Վստահաբար՝ նմանատիպ օրինակներ կլինեն։ Ընդհանուր առմամբ՝ հարցեր են ծագում՝ վերափորձաքննություն ասվածից հետո թվային պատկերի ինչ փոփոխություն է եղել, արդյոք հաշվի՞ են առնվում վնասվածքները ձեռք բերելու հանգամանքները, ասենք՝ պատերազմո՞ւմ է եղել, թե՞ տանը, եւ արդյոք պատկան մարմինը չի պատրաստվո՞ւմ խնդրո առարկայի հետ կապված վերանայումներ անել։
Սկսենք սկզբից՝ վերափորձաքննությունից հետո թվային փոփոխությունից։ Պաշտոնական տվյալի համաձայն (աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն)՝ «պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ»։
Փաստորեն՝ վերափորձաքննությունից հետո հաշմանդամների թիվը նվազել է 255-ով։
Կարդացեք նաև
Ըստ ԱՍՀՆ-ի՝ կարեւորելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող՝ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած հատուցման հարցի զգայունությունը՝ «նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»։ Հուսանք՝ քննարկումները կբերեն հայրենիքի զինվորի հանդեպ վերաբերմունքի փոփոխության։ Որովհետեւ սա ոչ միայն զգայուն, այլեւ պետության հետագա անելիքների ուղղվածության եւ նույն պետության արժանապատվության հարցն է։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում