Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ մնալ բոլոր պարագաներում

Հուլիս 16,2022 10:00

Երբ 2018-ի աշնանը հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի, ես իմ հոդվածներից մեկում հորդորում էի իշխանությանն ու նրա երկրպագուներին՝ մեծահոգություն դրսեւորել: Ի պատասխան՝ իմ ծանոթներից մեկը, որին ես հարգում էի եւ որը երբեք աչքի չէր ընկնում դաժանությամբ, սկսեց թվարկել գեներալի մեղքերը՝ այդ թվարկումը եզրափակելով հռետորական հարցով՝ «բա Մանվելը մեծահոգի՞ էր»: Գուցե այդ ծանոթս հեղափոխական տենդի մեջ էր, եւ դա հասկանալի էր 4 տարի առաջ, բայց հիմա, թերեւս, փոքր-ինչ տարօրինակ է:

Արդյո՞ք Մանվելը մեղքեր գործել էր: Անշուշտ. դաշտային հրամանատար էր, եւ 1994 թվականից հետո այդ մտածողությունը, այդ գործելաոճը տեղափոխել էր խաղաղ, քաղաքացիական կյանք, իսկ պետությունը, իշխանությունը ոչ միայն չէր խոչընդոտում դրան, այլեւ որոշակի չափով խրախուսում էր: Բայց 2018 թվականին խոսքը բոլորովին այլ եւ, իմ կարծիքով, ավելի կարեւոր բանի մասին էր՝ բոլորի, անխտի՛ր բոլորի հանդեպ մարդկային վերաբերմունք դրսեւորելու եւ մնացած բոլոր հանգամանքները մի կողմ դնելու մասին:

Ինձ բոլորովին դուր չէր գալիս այն, ինչ 2016 թվականին արել էր «Սասնա ծռեր» խումբը. ոստիկանական խմբի գրավումը եւ մարդասպանությունը չի կարող որեւէ արդարացում ունենալ: Բայց «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին, երկրորդ անգամ ձերբակալելն, անշուշտ, այն ժամանակվա իշխանությունների դաժանության վկայությունն է, եւ այդ մարդու մահվան համար, գոնե բարոյական առումով, այն իշխանությունը պատասխանատու է: Երբ այդ ամենի մասին ես գրում էի, ինձ այն ժամանակ կշտամբում էին՝ ինչո՞ւ չես գրում, որ «Հաց բերողը» հերոս է, ապստամբ է եւ այլն: Չէի գրում, որովհետեւ այդպես չէի մտածում, եւ այդ պահին դարձյալ կարեւորը դա չէր՝ կարեւորը մարդու հանդեպ մարդկային վերաբերմունք ցուցաբերելն էր:

Հիմա, երբ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, նրան մեղսագրվող արարքը քննարկելն անիմաստ եմ համարում: (Հուսով եմ, սակայն, որ հետագայում իրավաբանները հետեւողական կգտնվեն եւ կպարզեն՝ արդյո՞ք նրա ասածների հիմքով քրեական գործ հարուցելը, առավել եւս՝ նրան ամիսներով կալանքի տակ պահելը, ճիշտ էր):

Հիմա ինձ, ճիշտն ասած, ավելի շատ հուզում է մեր հասարակության, մեղմ ասած, տխուր վիճակը: Դատելով ֆեյսբուքյան արձագանքներից՝ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, շարունակելով ապրել հեղափոխական տենդով եւ դրանով պայմանավորված՝ Փաշինյանի պաշտամունքով, հրճվում են մարդու մահվան կապակցությամբ: Եթե այդպիսի մարդիկ 680 հազար են, ես կասկածում եմ, որ մեր պետությունը ապագա ունի. եկեք ընդունենք, որ մարդկային կյանքի նկատմամբ նման վերաբերմունքը լուրջ սպառնալիք է մեր անվտանգությանը:

…Կրկնեմ՝ այսպես կոչված «Սասնա ծռերի» արարքը դատապարտելի եմ համարում: Բայց այսօր Վարուժան Ավետիսյանի կյանքին, ըստ նրա հարազատների, վտանգ է սպառնում: Այստեղ նույնպես անհրաժեշտ է մարդասիրական վերաբերմունք: Մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե սովետը կենդանի մնար, ապա լիքը մարդկանց պետական դավաճանության հոդվածով կդատեր, բայց չկա պետություն, չկա եւ դատաստան, չնայած կարծում եմ, եթե կա իրավահաջորդություն, ապա այդ մարդկանց սովետի օրենքներով էլ պիտի դատեն, եթե վաղեմության ժամկետը չի անցել նույն սովետի օրենքներով: Միգուցե հիմա էլ ուզում են նույն տրամաբանությամբ վերացնել պետությունները’ պետական դավաճանությունը անպատժելի դարձնելով, որը հնարավոր է միայն, եթե պետությունը վերանա: Առանց պետության մենք անպաշտպան ենք, դրա համար պետք է մտածել ստեղծել նոր ոչ ստանդարտ հիմունքներով պետություն եւ երբ հինը պետական դավաճանների միջոցով վարի տան, մենք պատրաստ լինենք մեր նոր պետությամբ հինը փոխարինել: Ո՞ր հիմունքներն են գլխավորը: Առաջինը դա անվտանգությունն է, պատկերացնենք, մենք մեր ընտանիքներով ու տեղական ինքնակառավարման կառույցներով’ համայնքներով ստեղծում ենք նոր տեսակի պետություն, սկզբունքները պետք է լինեն ունիվերսալ բոլոր մակարդակների համար, ընտանիքի բոլոր անդամները պետք է պատրաստ լինեն հրամանի դեպքում համալրեն բանակը, դրա համար առողջ կենսակերպն ու զենքի օգտագործման վարժանքները պարտադիր են բոլորի համար: Համայնքները վերհամայնքային կառույց են ստեղծում, որի օրենքները բոլոր համայնքների ու ընտանիքների համար պարտադիր են, սա էլ հենց նոր տեսակի պետությունն է: Մեզ կփորձեն խանգարել, որովհետեւ ինքնակազմակերպվելու շնորհք շատ քիչ ազգեր ունեն, իսկ մենք հենց այդ քչերից ենք:

  2. Ruben says:

    «Մարդկային կյանքից ավելի թանկ բան չկա:»
    Կա՛:
    Կյանքից թանկ են երեխաները, ծնողները, ընտանիքը, հարազատները, հանուն որոնց զոհաբերում (տալիս) են սեփական կյանքը։
    Կյանքից ավելի թանկ է հայրենիքը, հայրենի հողը, հայրենի տունը, հանուն որի զոհաբերում (տալիս) են սեփական կյանքը։
    Կյանքից թանկ է մարդու, ընտանիքի, հայրենիքի ու պետության պատիվը, հանուն որի զոհաբերում (տալիս) են սեփական կյանքը։
    Հանրապետությունում չկան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի… իսկ ովքեր եղել են՝ կա՛մ զոհվել են, կա՛մ հարկադրված, ստիպված արտագաղթել:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031