Օրերս ՊԵԿ-ը շրջանառության էր դրել օրենքի մի նախագիծ, ըստ որի, հարկային մարմինները ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն կունենան: Խոսքը «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի մասին է, որն ավելի ուշ հանվեց e-draft-ից: ՊԵԿ-ն ընդգծել է, որ քննարկումներից հետո նախագծերի վերջնական փաթեթը նորից հանրային քննարկման կներկայացվի:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձել ենք այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են բխել խնդրահարույց, այդ թվում նաև վերոնշյալ դրույթը չվերանայելու պարագայում: «Եթե, ամեն դեպքում, քննարկումներից հետո ՊԵԿ-ին հնարավորություն տրվի բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն ստանալ, բանկային գաղտնիքի ինստիտուտը էլ ավելի կթուլանա, բանկային գաղտնիքը մատչելի կդառնա ավելի լայն շրջանակների համար: Պետք է հասկանանք, թե բանկային ինստիտուտը թուլացնելն ինչ հնարավորություն ու ռիսկեր ունի: Ինչպես նախորդ ծրագրերն ու նախագծերը, նաև սա են հիմնավորում ստվերի դեմ պայքարով, եկամուտների շարժի նկատմամբ վերահսկողությամբ և այլն: Սա, իհարկե, շատ կարևոր նպատակ է, ընդունելի գաղափար, բայց մեր դեպքում պետք է հաշվի առնենք ներկա իրողությունները և կառավարության գործելաոճը: Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները թիրախավորված հարկային քաղաքականություն, նաև վարչական գործընթացներ են իրականացնում: Վառ օրինակն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառությունն է, ինչը որպես գաղափար ընդունելի է, բայց գործնականում տեսնում ենք, որ այդ օրենքի շրջանակներում միայն իշխանության ընդդիմախոսներն են անցնում: Իշխանության որևէ ներկայացուցչի մասով օրենքի շրջանակներում ուսումնասիրություն չկա: Այնպես որ, ինչպես ապօրինի գույքի, այնպես էլ վերոնշյալ նախագիծն օրենք դառնալու դեպքում հետագայում իշխանության ձեռքում կարող է մահակ դառնալ՝ իրենց ընդդիմախոսներին ճնշելու, նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվություն հավաքելու և, բնականաբար, կիրառելու համար»:
Ընդգծելով, որ գաղափարն իրականում հասկանալի է, Պարսյանը նշեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունն իր գործելաոճով, հախուռն քաղաքականությամբ համահունչ չէ նշվածին: Մեծ հաշվով, մենք գործող իշխանությունների, ՊԵԿ-ի նկատմամբ այդքան բարձր վստահություն չունենք, որպեսզի թույլ տանք քչփորել մեր բանկային հաշիվները: Բացի քաղաքական նպատակահարմարությամբ օրենքը կիրառելու ռիսկից, այլ խնդիր ևս կա: Առհասարակ, բանկային գաղտնիքի ինստիտուտը թուլացնելն իր հերթին կարող է որոշակի ռիսկեր բերել: Մասնավորապես, կարող է ավելացնել ստվերի ծավալը: Այսինքն, մարդիկ իրենց գումարները ոչ թե կպահեն հաշվի կամ բանկային քարտի վրա, այլ, օրինակ՝ տանը: Եթե նախագիծն ընդունվի այնպես, ինչպես ներկայացվել էր ի սկզբանե, ՊԵԿից խուսափելու պատճառ ունեցողները, նախօրոք իմանալով, որ ՊԵԿ-ը կարող է տեղեկատվություն վերցնել, այնպես կանեն, որ հաշվի կամ քարտի վրա գումար չլինի և որևէ գործարք չլինի»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում