ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4.3 մլրդ դրամ: Ըստ նրա՝ կարեւոր գործառույթներից են համակարգի թվայնացումը, քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը: Ներկա դրությամբ ընթանում են Շիրակի մարզի քարտեզագրման աշխատանքները:
Նշելով, որ տարվա ընթացքում շուրջ 200 հազար դիմում է սպասարկվել՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարն ընդգծել է ճկուն գործիքակազմի ներդրմամբ իրենց մասնագետների աշխատանքի դյուրացման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ՏՄՊՊՀ-ին 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 550 մլն դրամ: Գեղամ Գեւորգյանի հավաստմամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում կենսական նշանակություն ունեցող շուկաներում: Արդյունքում, ըստ նրա, այս տարի արդեն երկու վարույթ է հարուցվել, հայտնաբերվել է անբարեխիղճ մրցակցության 70 դեպք:
Գեղամ Գեւորգյանը նաեւ նշել է, որ ՏՄՊՊՀ-ն թվայնացրել է աշխատանքային գործընթացները:
Նա տեղեկացրել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքային շուկաներն ուսումնասիրվում են 5 տարին մեկ անգամ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է սահմանել նպատակային ելակետ, ինչը հնարավորություն է տալիս ապրանքային շուկաներում ավելի հաճախակի դարձնել ուսումնասիրությունները:
Արդյունքային ցուցանիշների առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի գնահատման եռաստիճան համակարգ, որը, որպես պիլոտային ծրագիր, առաջինը կկիրառվի ՏՄՊՊՀ-ում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարեւոր է համարել ճշգրիտ չափորոշիչների կիրառումը ծրագրային բյուջետավորման գործընթացում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ նախարարությանը հատկացվելու է շուրջ 320 մլրդ դրամ. կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ 134 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտին: Անդրադառնալով ճանապարհաշինության խնդիրներին՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ 13.8 մլրդ դրամ է հատկացվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցմանը: Ըստ նրա՝ արդեն սկսվել են հողերի օտարման աշխատանքները: Եկող տարի շահագործման կհանձնվի Բագրատաշենի կամուրջը՝ 65 մլրդ դրամ կհատկացվի ջրային տնտեսությանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ ասֆալտապատման որակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ լուրջ խնդիրներ կան տեխնիկական վերահսկողության հարցում, սակայն որակի ուղղությամբ առաջընթաց է գրանցվել:
Նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցերն առնչվել են ջրային տնտեսությանն ու ոռոգման համակարգին: Վաչե Տերտերյանի հավաստմամբ՝ ահռելի գումարներ են անհրաժեշտ ոռոգման համակարգը հիմնովին բարեփոխելու համար: Ըստ նրա՝ փաստացի նոր ջրագծեր, որոնք կհասնեն հողագործին, չեն կառուցվել, դեռեւս գործում է Շամիրամի հազարամյա ջրանցքը:
Վահան Քերոբյանի հավաստմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. հատկացվելու է 51.8 միլիարդ դրամ, տնտեսական ոլորտին 21.9 մլրդ, որից արտաքին աղբյուրներով՝ 8.6 միլիարդ դրամ: Կիրականացվի 12 ծրագիր՝ 47 միջոցառում:
Գյուղատնտեսությանը նախատեսվել է 29.9 միլիարդ, որից արտաքին աղբյուրներով՝ 2.5 մլրդ: Բնագավառում կիրականացվի 6 ծրագիր՝ 30 միջոցառում: Զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 8.9 մլրդ դրամ:
Վահան Քերոբյանը նշել է նաեւ, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է 10.2 տոկոս տնտեսական ակտիվություն:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հավաստմամբ՝ կառույցի համար նախատեսվել է 11.9 միլիարդ դրամ, կիրականացվի 7 միջոցառում: Նա նշել է, որ առաջիկայում կավարտվեն բոլոր մարզերի տարածական փաստաթղթավորման եւ գլխավոր հատակագծերի կազման աշխատանքները: Արմեն Ղուլարյանը նշել է նաեւ, որ շարունակական են դառնալու վթարային շենքերի վերականգնողական աշխատանքները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ հանձնաժողովի համար նախատեսվել է 1.8 մլրդ դրամ: Նա, կարեւորելով ՀԾԿՀ-ի գործունեությունը, ընդգծել է իրականացված կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը մշակում եւ իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նրա հավաստմամբ՝ 2023 թ. պետական բյուջեի նախանական նախագծով հատկացվել է 18.9 միլիարդ դրամ, կիրականացվի 4 ծրագիր:
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հավաստմամբ՝ 27.38 միլիարդ դրամ է հատկացվելու կոմիտեին: Ըստ նրա՝ հարկային եկամուտների հավաքագրումը սահմանվել է 100 տոկոս: Առաջիկայում կսկսվեն Մեղրու նոր մաքսակետի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ ՊԵԿ-ն ունի 26 արդյունքային ցուցանիշ:
Ռուստամ Բադասյանը կարեւոր քայլ է համարել նախնական հայտարարագրման համակարգի ներդրումը, ինչը դյուրինացնում է գործարար հանրույթի գործունեությունը:
ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող Գագիկ Բարսեղյանը տարբեր բնագավառների բյուջետային հատկացումների վերաբերյալ ներկայացրել է մի շարք դիտարկումներ:
ՀՀ ազգային ժողով