Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի «Սեւյան» մշակույթի կենտրոնը կվերականգնվի՝ հնի ու նորի միջեւ կապը պահպանելով

Հուլիս 16,2022 12:30

Հարցազրույց կանադահայ անվանի ճարտարապետ Ազադ Շիշմանյանի հետ

1926թ. կառուցված եւ 1988թ. երկրաշարժի հետեւանքով փլուզված Գյումրիի երկաթուղային կայարանի հարեւանությամբ գտնվող «Սեւյան» մշակույթի կենտրոնի մինչ օրս միակ կանգուն հատվածը նեոկլասիկ ոճի մեջ կառուցված ֆասադն է։ 2018թ. «Բալետ 2021» հիմնադրամը (հիմնադիր՝ խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյան, տնօրեն՝ Լիլիթ Պետրոսյան) նախաձեռնեց կենտրոնի վերականգնումը նոր անվամբ՝ «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն»։ Վերջերս համաշխարհային ճարտարապետության փառատոնի World Arctitecture Festival 2022 պաշտոնական կայքից` www.worldbuildingsdirectory.com տեղեկացանք, որ նախագծի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը (հեղինակ՝ Ազադ Շիշմանյան) անցել է եզրափակիչ փուլ։ Նախագիծը նոյեմբերին կներկայացվի Լիսաբոնում կայանալիք եզրափակիչ փուլի միջազգային ժյուրիին։

– Պարոն Շիշմանյան, նախ ընդունեք «Առավոտի» շնորհավորանքը ձեր ճարտարապետական դիզայնով «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն»-ի նախագծի եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ։ Այդ փաստը ոգեւորել է ոչ միայն գյումրեցիներին։ Կարելի է ենթադրել, որ հավանաբար ամենամոտ ապագայում մեր մշակութային մայրաքաղաքը վերջապես կունենա գյումրեցիների, եւ ոչ միայն, այնքան սիրելի «Սեւյան» մշակույթի կենտրոնի, ըստ էության վերածնված տարբերակը՝ շնորհիվ ձեր ճարտարապետական դիզայնի։ Խոսքերով անշուշտ բարդ է, բայց այնուամենայնիվ խնդրում ենք ներկայացնել նախագիծը։

– Ռուդոլֆ Խառատյանի հետ տարիներ շարունակ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել այդ մասին։ Պարը զարգացման եւ բարձունքի հասնելու միջոց է, ինչպես ֆիզիկական եւ մտավոր, այնպես էլ հոգեւոր։ Կարծում եմ, ցանկացած կառույց՝ անկախ իր նպատակային գործառույթից, եթե անգամ հիվանդանոց է՝ պետք է ոգեշնչի։ Այդ շենքի պարագայում հետաքրքիրն այն է, որ խոսում ենք մի վայրի մասին, որտեղ երկրաշարժը հանգեցրել է սարսափի եւ մարդկային կորուստների։ Այժմ նույն տարածքում, այդ նույն պատերի ներսում, եթե ամեն բան ճիշտ անենք, այդ շենքը բառացիորեն կճախրի եւ նոր շունչ կստանա։ Երբ առաջին անգամ շենքը տեսա, այն ինձ հիշեցրեց Բեռլինը՝ բեռլինյան պատի փլուզումից հետո, որտեղ ամենուր լքված տարածքներ էին։ Դա թույլ տվեց ստեղծագործող հասարակությանը յուրացնել ամենը եւ ազատորեն ստեղծել ամեն տեսակի անհավանական բան։ Իսկ Գյումրին կարելի է դիտարկել հենց այդ տեսանկյունից։ Ճիշտ է, փողոցներից շատերը վերակառուցվել են, բայց այնքա՜ն շատ շենքեր կան, որոնք, դժբախտաբար, դեռ լքված են, սակայն պատրաստ են նորից շահագործվելու։ Թույլ տվեք առանց մանրամասնելու էլ նշեմ, որ քաղաքը պատրաստ է նման վերածննդի…

Վերադառնանք թեմային. այստեղ մի խորհրդանշական բան կա. եղել է մի հին մշակութային կենտրոն՝ նվիրված նրանց, ովքեր կառուցել են երկաթուղին։ Այն նախ ավերվեց երկրաշարժից, ապա հրդեհից, հետո էլ թալանվեց։ Տեղեկացված եմ, որ 90-ականներին, երբ մարդիկ ոչինչ չունեին վառելու, ջերմանալու եւ ձմռանը գոյատեւելու համար, այս շենքը ապաստան է ծառայել նրանց համար, օգնել գոյատեւել։ Եվ հիմա՝ 30 տարի անց, այդ նույն շինությունը, որի տպավորիչ ճակատային հատվածն ու պատերի մի մասը պահպանվել են, նորից կվերածվի մշակութային կենտրոնի։ Հնի եւ նորի միջեւ կապը պահպանելու համար պահպանված քարե ֆասադի ներսում տեղադրվելու են ժամանակակից երկրաչափական ծավալներ։ Ամենամեծը՝ օվալաձեւ ծավալը, 500 հոգու համար նախատեսված ներկայացումների սրահ է։ Պատմական մուտքը պահպանվում եւ բարելավվում է քարե շքամուտքով, որը կապում է կենտրոնը համայնքի հետ։ Նշեմ նաեւ, որ հարակից այգիները վերանախագծվել են, որպեսզի այցելուները կարողանան նույնիսկ դրսից զգալ կենսունակ ստեղծագործության ազդեցությունը։ Մյուս կողմից՝ հակադրելով հինն ու նորը, նախագիծը վերածննդի եւ մշակութային ժառանգության շարունակությունը ապահովելու եւ կանգուն կերպով ապագա փոխանցելու մասին է։ Այնքան մեծ ներուժ կա այդ տարածքում… Վստահեցնում եմ, որ կառույցն իր գոյությամբ կամբողջացնի քաղաքը՝ իրեն կապելով եւ վերակենդանացնելով քաղաքի անտեսված եւ լքված հատվածը։

«Սեւյան»-ից պահպանված ֆասադը եւ կառուցվելիք մշակութային կենտրոնը

«Սեւյան»-ից պահպանված ֆասադը եւ կառուցվելիք մշակութային կենտրոնը։– Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ նախագիծն ունի նաեւ սոցիալական նպատակ։

– Անշուշտ։ Գաղափարն է մարդկանց համար ստեղծել տարբեր առիթներ նորից հավաքվելու քաղաքի այս հատվածում եւ աշխուժացնելու Գյումրիի առօրյան։ Անշուշտ, մենք ուզում ենք, որ դա լինի հենց մշակութային կենտրոն, հանրային վայր, որտեղ ամեն օր կլինեն միջոցառումներ՝ փառատոն, համերգ, դասընթաց…

– Պարոն Շիշմանյան, վստահ ենք, որ նախագծի ճարտարապետական դիզայնը ստեղծելիս ոգեշնչվել եք…

– Դիզայնին մոտեցել եմ երեք մակարդակով։ Առաջինը՝ գործառնական մակարդակն է, ինչը նախատեսում էր ստեղծել կատարողական արվեստների արդյունավետ կենտրոն։ Դա նշանակում է, որ պետք է նախագծվեն տարածքներ դասավանդման, կացության, ամառային դասընթացների, ուսումնասիրությունների եւ ներկայացումների համար։

Երկրորդը շինության ավելի լայն դերակատարությունն է քաղաքի զարգացման ենթատեքստում։ Փաստորեն մոռացության մատնված քաղաքի այդ հատվածը կարող է խարիսխ դառնալ, որը կգրավի մարդկանց՝ քաղաքի առօրյա մշակութային կյանքում։ Երրորդ մոտեցումը, ինչպես վերեւում նշեցի, որը պակաս կարեւոր չէ, շինության խորհրդանշական բովանդակությունն է. այն պետք է ոգեշնչման աղբյուր դառնա։

– Շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու համար։ Անհամբեր կսպասենք համաշխարհային ճարտարապետության փառատոնի Լիսաբոնում կայանալիք եզրափակիչ փուլի արդյունքներին։ Վստահ ենք, որ Գյումրին կստանա ոգեշնչման նոր աղբյուր՝ հանձին «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն»-ի։

Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031