Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ սերը թատրոնի հանդեպ հարկ եղածից ավելին է եւ հաստատուն»

Հուլիս 16,2022 12:00

Ասում է դերասան Միշա Հակոբյանը

– Միշա, մենք Ձեզ մի քանի ներկայացումներում ենք տեսնում` տարաբնույթ դերակատարումներով։ Ինչ-որ բան փոխվո՞ւմ է Ձեր մեջ, երբ ստանում եք հերթական դերը։ Դերասանի համար այդ ընթացքն ինչպիսի՞ն է լինում։

– Ամեն նոր դերն ինձ համար ասես գարուն լինի, իսկ կերպարի ստեղծումն ու զարգացումն իրենց հերթին ասես տարվա եղանակներ լինեն, որից հետո էլի գարուն է գալիս ու նոր առաջարկ։ Գուցե պաթետիկ հնչի, բայց ամեն նոր դեր բողբոջ է, որը կծաղկի ու կդառնա պտուղ, եթե ծառն ու ջուր լցնողը հավատան։ Երբ դերի առաջարկ եմ ստանում՝ ոգեւորվում եմ, ինձ կարեւորված եմ զգում, բայց ամեն անգամ պատասխանատվությունն ավելի է մեծանում։ Կերպարը ստեղծելիս ինձ մի քիչ Աստված ու մի քիչ մարդ եմ զգում, երբեմն թողնում եմ, որ ենթագիտակցությունս աշխատի։ Շատ հաճախ կերպարը «գտնում եմ» հենց ենթագիտակցական աշխարհում։

– Միշա Հակոբյանն ու թատրոնը…

– Միշան ու թատրոնը լավ ընկերներ են, նոր ծանոթացած լավ ընկերներ։ Ես վստահ եմ, որ տարիների ընթացքում այդ ընկերությունը շատ ավելի կամրանա, կհարազատանա, քանի որ իմ սերը թատրոնի հանդեպ հարկ եղածից ավելին է եւ հաստատուն։ Միշտ եմ մտածել, որ դերասան պիտի դառնամ, որ դերասան եմ։ Հուսամ՝ թատրոնը միայն կհաստատի դա։

– Ինչո՞վ են «վաստակում» տաղանդը։ Եվ ըստ Ձեզ` ո՞վ է դրա համար լինում հետաքրքիր:

– Տաղանդը «ժառանգում են» Աստծուց, «վաստակում են» շռայլորեն կամ մի պտղունց։ Հետո, եթե դրան ավելացնես՝ աշխատասիրություն, սեր ու նվիրվածություն՝ կկրկնապատկես այն, հակառակ դեպքում՝ կկորցնես։ Տաղանդավոր մարդը մնում է հետաքրքիր ամեն իրավիճակում։ Տաղանդավոր մարդն առաջին հերթին նա է, ով ազատ է իր ընտրության մեջ, ով լսելով իր սրտին՝ ընտրել է իրեն հարմար մասնագիտություն։ Իհարկե, բացառություններ միշտ կան, երբ կատարված ընտրությունն ու առաքելությունը չեն համընկնում։ Սակայն կյանքը մի ճանապարհ է, որտեղ սխալվելն անօրինական ու արգելված չէ։

– Դուք հագնվելու ուրույն ոճ ունեք։ Կա,՞ արդյոք, դրանում ինչ-որ մեկի ազդեցությունը:

– Շնորհակալություն, այո, կա։ Երբ փոքր էի՝ տատիկիս հետ նորաձեւության ու ճիշտ հագնվելու մասին հաղորդումներ էինք նայում։ Տատիկս, որն իմ ամենամտերիմ ընկերն էր, ինձ միշտ սովորեցրել է համադրել գույներն ու օրինակ՝ գծավորը-գծավորի հետ չհագնել։ Ցավոք, շուտով կլրանա մի տարին, ինչ նա մեզ հետ չէ։ Իրենից հետո չգիտեմ ում ասեմ, որ հաստատի հագուկապս։
Հիմա պահարանումս իսկական քաոս է, իսկ շորերս էլ իրար են խառնված։

– Ներքին հակասություններ ունենո՞ւմ եք։

– Վերջին տարիներին շատ ավելի քիչ, քանի որ զբաղվում եմ իմ մասնագիտությամբ, շփվում եմ իմ սիրած մարդկանց հետ ու ինձ ազատ եմ զգում։ Բայց լինում է նաեւ այնպես, որ ստիպված եմ ուղեղով առաջնորդվել ու դեմ գնալ զգացմունքներիս, որի համար հետո ինքս ինձ շնորհակալություն եմ հայտնում։

– Արվեստի ժամանակակից աշխարհում կա՞ն, արդյոք, հետաքրքիր միտումներ։ Խոսենք բուն թատրոնի մասին։

– Իհարկե՝ կան: Ինչպես բոլորը սիրում են ասել՝ թատրոնն ապրող օրգանիզմ է, եւ եթե մենք այսօրվա մասին չխոսենք թատրոնում, այն կամաց-կամաց կմեռնի։ Եվ, ցավոք, այսօր ինձ համար կան մեռած թատրոններ։

Պատիվ եմ ունեցել սովորել մի մարդու արվեստանոցում, որի պատկերացումները ժամանակակից թատրոնի հանդեպ ամենամոտն է եղել ինձ։ Ժամանակակից թատրոնում ինձ համար անընդունելի են պաթետիկ ու ծանր խաղը, «ռեմարկներով բեմադրող» ռեժիսորներն ու փակ, կաղապարված դերասանները։

Մեր երկիրը հնարավորությունների երկիր չէ, բայց մենք՝ հայերս, հնարավորություններ ստեղծելու կարողություն ունենք։ Այս առումով լիահույս եմ, որ մեր սերունդը, ի դեմս ինձ նման երիտասարդների, կկարողանա թատրոնում ձգտել վերածնունդի՝ չկորցնելով եւ չքանդելով մեր վարպետների կառուցած ամուր ու հաստատուն հիմքը։

– Նաեւ ստեղծագործում եք։ Ինչո՞ւ եք գրում, ինչ խորհուրդ ու ուղերձ ունեն Ձեր տողերը։

– Գրում եմ, այսպես ասած, նամակներ, չհետեւելով գրական ինչ-որ ժանրի։ Գրում եմ, որովհետեւ ոչ միշտ եմ կարողանում ներսումս կատարվող երեւույթների մասին խոսել ու չեմ ցանկանում միամիտ ու պարզ խոսքով զգացմունքներս կենցաղային դարձնել։ Գրում եմ, որովհետեւ այդ պահին արտահայտվելու ուրիշ ձեւ չունեմ։ Հիմնականում դրանք սիրո մասին են, բայց ոչ սովորական ու բոլորիս ծամած սիրո մասին։ Սեր առ ամեն ինչ։ Կարոտի, հարազատ մարդկանց ու ապրելու կարեւորության մասին եմ գրում։ Ասում եմ՝ մի օր կարող ես ուղղակի չարթնանալ։ Նամակներս թողնում եմ ընթերցողներին: Ի դեպ, ասեմ, որ շատերի համար լինելով ուրիշ ու անծանոթ, միեւնույն է՝ իմ նամակները կարող են ընթերցել առանց հարցնելու։

– Միշա, տարօրինակ սովորություններ ունե՞ք։

– Անկեղծ ասած, երբ փողոցով ուղղակի քայլում ու նայում եմ մարդկանց հայացքներին՝ ինքս ինձ տարօրինակ սովորություն եմ զգում (ծիծաղում է.-Վ.Ա.)։ Իմ կյանքում տարօրինակ սովորություններ չկան, բայց մեկ այլ մարդու համար գուցե իմ տնից դուրս գալն արդեն տարօրինակ է։

– Ամենամեծ արժեքը Ձեզ համար…

– Կյանքը, որի մեջ իմ հարազատներն են, իմ քաղաքը, թատրոնը, ընկերներս, փողոցներն իրենց կատուներով ու շներով, սերը, Աստված: Մի խոսքով՝ այն ամենը, ինչ շատ հաճախ անտեսում ու թողնում ենք ուրիշ մարդկանց ուսերին, չենք վերցնում պատասխանատվության այդ «բեռը»։ Պետք է սիրել կյանքը, որ ապրես։ Եվ պետք է ապրես, որ սիրես կյանքը։ Անվերջանալի շրջան… Չէ՞ որ մենք չենք հասկանում՝ իրականում ինչ է կյանքը, քանի դեռ ողջ ենք:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031