Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն առաջարկում է կասեցնել անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետի կողմից «ՕԿՏԱԳՈՆ» ՍՊ ընկերությանը տրված շինարարության թույլտվությունը, պարտավորեցնել կառուցապատող ընկերությանը քաղաքաշինական փաստաթղթերը լրամշակելու, եւ դրանք իրավաչափ փորձաքննության ենթարկելու ուղղությամբ. «հակառակ դեպքում առկա խախտումներով համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերով կառուցված կառույցը կորակավորվի որպես ինքնակամ կառույց»:
Մայրաքաղաքի սրտում՝ Թումանյան փողոց, 2-րդ անցուղու 5/9 հասցեում իրականացվող բազմահարկ շենքի շինարարական աշխատանքները երեկ դադարեցին այն պահին, երբ նկարահանման նպատակով հայտնվեցի ճիշտ այդ վայրում: Ի՞նչ զարգացումներ են եղել ՀՀ վարչական դատարանի երկու իրարամերժ որոշումներից հետո, որոնց «Առավոտն» անդրադարձել է. մի դեպքում դադարեցնելու մասին որոշում էր կայացրել դատավորը, հետո թույլատրել՝ շինարարությունը:
Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5 հասցեի բնակիչ, ազգագրական երգերի անխոնջ մշակ, «Սասուն», «Գաթա Բենդ» համույթների հիմնադիր Անդրանիկ Մանուկյանը, ում տան «վրայով» է իրականացվում տասներկու հարկանի շենքի կառուցումը, նամակներ էր հասցեագրել պատկան մարմիններին, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդումով:
Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը մայիսի գրությամբ պատասխանել է, որ նշյալ հասցեում կատարվել են ստուգումներ, որի արդյունքում հայտնաբերվել են հետեւյալ շեղումները. «Վերոհիշյալ հասցեում շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայնեցված նախագծից շեղումներով, մասնավորապես, խախտված է շենքի տեղադիրքը, չեն պահպանվել համաձայնեցված նախագծի գլխավոր հատակագծով նախատեսված միջտարածության չափերը, որի պատճառով արդեն իսկ առաջացել է հրդեհային անվտանգության կանոնների խախտում…Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումով մշակված՝ նախագծման թույլտվությամբ ամրագրված պահանջների խախտումով, նախագծի վերաբերյալ «Լավո» ՍՊԸ-ի կողմից տրվել է դրական փորձագիտական եզրակացություն, որի համար տեսչական մարմնի կողմից կիրառվել է համապատասխան վարչական պատասխանատվության միջոց: «Լավո» ՍՊԸ տնօրեն Ա. Սահակյանի լիազորված անձ Արմեն Մանուկյանը վարույթի շրջանակներում ընդունել է իր կողմից իրավախախտման փաստը, հետեւաբար, ոչ իրավաչափ է համարվում աշխատանքային նախագծի վերաբերյալ տրամադրված փորձագիտական դրական եզրակացությունը»:
Հուլիսի 9-ին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աշոտ Շահբազյանը գրավոր տեղեկացնում է Անդրանիկ Մանուկյանին, որ փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ պարզվել է. «Վերը նշված հասցեում նախատեսվում է կառուցել երկու ստորգետնյա եւ տասներկու վերգետնյա հարկերով բազմաբնակարան շենք: Շինարարական աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով…ներկա պահին շինարարությունը դադարեցված է: Միեւնույն ժամանակ տեղեկացնում են, որ 0,00 նիշից վերեւ իրականացված աշխատանքները ինքնակամ են, քանի որ երկրորդ փուլի՝ զրոյական նիշից վերեւ նախատեսված աշխատանքների կատարման համար Երեւանի քաղաքապետարանի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցված չեն»: Ի դեպ, ինքնակամ կատարված աշխատանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ինչպես քաղաքապետարան, այնպես էլ իրավապահ մարմնին:
Կարդացեք նաև
Անդրանիկ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է. «Շինարարությունը ընթանում է, չնայած ասում են՝ նման բան չկա: Սա կանխամտածված գործընթաց է, թե իմ, թե իմ ընտանիքի, թե իմ մշակութային աշխարհի դեմ: Թող կանչեն շտապօգնություն, ոստիկանություն, բերեն հրշեջ տեխնիկա: Փորձարկեն: Ավետարանն ասում է՝ «վկաներով խոսեք»: Անզեն աչքով կտեսնեք փլուզում, անվտանգության բացակայություն, սպառնալիք իմ անչափահաս երեք երեխաների կյանքի համար: Դեռ տասնութ թվին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նախկին քաղաքապետին՝ Հայկ Մարությանին գրությամբ հորդորել էր զերծ մնալ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերից՝ ասելով. ցանկացած քաղաքաշինական ծրագիր իրականացնելիս նկատի պետք է ունենան այն, որ բնակելիի կառուցապատման նպատակով տրվող հողամասի առավելագույնը 40 տոկոսը կարող է զբաղեցվել շենքով, իսկ մնացած 60 տոկոսը պետք է նախատեսվի շենքի բնակիչների համար հանրային տարածքների կազմակերպման, բնաշխարհի պահպանման համար»: Ա. Մանուկյանը ցույց է տալիս «պլանը», որտեղ իր տան վրա նշված է՝ «նախնական պայմանավորվածությամբ ձեռք բերվող գույք», թե ով, ինչպես է պայմանավորվել, հայտնի չէ:
«Հարեւանի» շինարարության պատճառով տան պատերի ճեղքերն ավելացել են, մեծացել, սեփական տունը շարունակում է «նստել», ողջ օրը տան լույսն է վառվում, քանի որ արեւը խլվել է այս ընտանիքի պատուհաններից, երբ ընդամենը երկրորդ հարկն է բարձրացել: Ա. Մանուկյանն ասում է՝ մինչ վերջերս գիտեր, թե օրենքի առաջ են մարդիկ հավասար, պարզվեց, որ փողի առաջ են հավասար:
«Ասում են՝ Կոմիտասը ինչու գժվեց: Ես Կոմիտաս չեմ, բայց իմ բաժին Կոմիտասն եմ, որ իր երեք տարեկան որդուն գիրկն է վերցնում ամեն թխկոցի հետ, որ քար չընկնի տան մեջ, որ նա չվախենա: Ստացվում է, որ ես մի դատարկ կետ եմ, որի վրա կարող են ծիծաղել, որին կարող են սպառնալ, զրպարտել»:
Ա. Մանուկյանն իրեն զրպարտելու հետ կապված ցույց է տալիս շինարարական կազմակերպության նախագահ Լեւոն Օրդուխանյանի դիմումը՝ ուղղված քաղաքապետին, որտեղ բառացիորեն գրված էր հետեւյալը. «Անդրանիկ Մանուկյանի կողմից անօրինական տեղադրվել է դարպաս, որով իսկ խոչընդոտվել է մեր անցուդարձին»: Դարպասը, ըստ Մանուկյանի, փայտյա էր, փոխարինվել է երկաթյայով, իսկ այն, որ Անդրանիկն այս տունը «խլել է», հետագայում իրավական գնահատական կստանա: Դատավոր Արշակ Պետրոսյանը հուլիսի 7-ին իր որոշմամբ կասեցրել է շինարարությունը, սակայն հարկադիրը «չի գտնում» այս նույն Լեւոն Օրդուխանյանին, որին «հետախուզում» են:
Տեղեկացա, որ հունիսի 22-ին հարկադիր կատարումն ապահովող Երեւան քաղաքի Աջափնյակ, Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների հարկադիր կատարող Եղիազարյանը հայտնել էր, որ շինընկերության կողմից պետք է արգելվի շինարարությունը մինչ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, թույլատրել միայն հողամասերի վրա աշխատանքներ կատարելը:
Բացի վարչական վարույթից, կա քրեական վարույթ, եւ քաղաքապետարանը տեղեկություններ չի տրամադրել քննիչ Ռազմիկ Ղարիբյանին:
Այս շինարարության արդարացումը պատասխանող ընկերությունը հիմնավորում է նրանով, որ չորս միլիոն դոլար է վերցրել բանկից, հարկ է տալիս պետությանը, բանվոր պահում, իսկ Ա. Մանուկյանն ասում է. «Բանկից գումար է վերցրել, որ կենդանի սպանի ինձ ու իմ ընտանիքը, քանդի իմ տունը, խաթարի իմ ստեղծագործական աշխարհը, ինչը որ հաջողել է, եւ ես այս պահին ոչինչ անել չեմ կարողանում, ու այս ամենը նպատակային է, կանխամտածված: Նախկինների ժամանակ էլ զրկեցին ինձ եկեղեցու ծառայություններից, դադարեցրին իմ մասնակցությամբ եթերները, կնոջս աշխատանքից զրկեցին…»:
Ա. Մանուկյանի ներկայացուցիչներից փաստաբան Թամար Դարյանը երեկ ասաց, որ դիմել էր քաղաքաշինության կոմիտե, խնդրելով՝ տրամադրել շենքի կառուցման նախագծային փաստաթղթերը, պետական համալիր փորձաքննության ենթարկելու փաստաթղթերի պատճենները, այնտեղից ստացվել էր պատասխան. «Հիմք ընդունելով ՏԱ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը եւ «Հեղինակային եւ հարակից հեղինակային իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» ենթակետը՝ առաջարկում ենք նշված փաթեթը ստանալու հարցով դիմել կառուցապատող ընկերությանը»: Բայց ինչ կապ ունի այստեղ հեղինակային իրավունքը, երբ ամեն կառուցվող շինության վրա պաստառով ամեն բան նշված է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2022