Դիմադրության շարժման ղեկավարներն ու քաղաքացիներն այսօր Ֆրանսիայի հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի կառավարության դիմաց, ապա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մուտքի մոտ հավաքվեցին՝ մոմեր ու ծաղիկներ խոնարհելով աստիճաններին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կինոպրոդյուսեր, Դիմադրության շարժման գաղափարակից Արմեն Գրիգորյանն այսօր կտրուկ վատացավ դատական նիստի ընթացքում․ նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Քաղաքացիները ծաղիկների մոտ տեղադրեցին Արմեն Գրիգորյանի լուսանկարները։ Ընդդիմությունը նրա մահը համարում է քաղաքական պատվերի հետեւանք՝ սպանություն։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգային թշնամանք հարուցելու համար։ «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,-հայտարարել էր ՀՀ ԱԱԾ-ն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ