Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանում տոն էր․ նշվեց մետալուրգի եւ հանքագործի օրը (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 15,2022 23:54

Հայաստանում հուլիսի երրորդ կիրակի օրը 2008 թվականից նշվում է հանքագործի եւ մետալուրգի օրը։ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը օրվա առթիվ տարբեր միջոցառումներ էր կազմակերպել Քաջարան եւ Ագարակ քաղաքներում։

Քաջարանում տոնական միջոցառումները մեկնարկեցին քաղաքի մշակույթի պալատում։ Պալատի ճեմասրահներից մեկում Կապանի երկրագիտական թանգարանը ցուցադրել էր հանքագործությանն ու մետալուրգիայի ցուցանմուշներ։ Պալատի մյուս ճեմասրահում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պատմություն էր՝ ներկայացված լուսանկարների տեսքով։ Ի դեպ, կոմբինատը այս տարի նշում է հիմնադրման 70 ամյակը։

Հյուրասիրություն, դասական երաժշտություն, շնորհավորանք։ Հյուրերի պակաս «Գեոպրոմայնինգ» ընկերությունն ու ԶՊՄԿ-ն չունեին։ Հանքագործներին ու մետալուրգներին շնորհավորելու էին եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, հոգեւոր այրեր, իրավապահ կառույցների ներկայացուցիչներ եւ այլոք։ Կոմբինատի վետերան աշխատակիցները հիշողություններով էին կիսվում՝մեկ անգամ եւս անդրադառնալով ԶՊՄԿ-ի խնդիրներին, որոնք միշտ էլ հմուտ ու բանիմաց ղեկավարների շնորհիվ լուծվել են։

«2007 թվականից «Գեոպրոմայնինգ»-ն եղել է այս հրաշալի երկրի տնտեսության անբաժանելի մասը՝ միասին ենք կառուցել երկրի հանքարդյունաբերությունը։ Մենք նաեւ հպարտ ենք, որ այս տարի դարձել ենք հայկական արդյունաբերությանն հսկայի՝ ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր։ Այս կոմբինատը Հայաստանի տնտեսության կենտրոնական օղակն է։ Մենք ձգտում ենք շարունակական զարգացման, ուստի 2022թ․-ին ԶՊՄԿ-ի ողջ թիմի օգնությամբ նախատեսում ենք 2021թ․-ի համեմատ արտադրության ծավալներն ավելացնել 25 տոկոսով»,-իր խոսքում նշեց «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը:

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը վերջին 20 տարում, տարբեր ժամանակներում գրեթե ապահովել է Հայաստանի արտահանման 30-40 տոկոսը, որը համախառն ներքին արդյունքի 6-10 տոկոսն է կազմել։ « Սրանք պարզապես թվեր չեն, այս թվերը արտացոլում են հանքարդյունաբերության նշանակությունը մեր երկրի համար։ Չենք կարող չընդունել, որ ոլորտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք մեր գործընկերների հետ միասին պետք է լուծենք։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա ժամանակակից, մրցունակ ու պատասխանատու կառավարվող ոլորտ, այն իր հետեւից կբարձրացնի արդյունաբերության մյուս ճյուղերը»,-ասաց Վարդան Զհանյանը։

Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների 37 աշխատակիցներ օրվա կապակցությամբ արժանացան մեդալների, պատվոգրերի ու դրամական պարգեւների։

Տոնական օրը Քաջարանում եզրափակվեց համերգով, որտեղ ելույթ ունեցան Նունե Եսայանը, Արաբո Իսպիրյանը, Տաթեւ Ասատրյանը, ռուսական «Բրավո» խումբը։ Մշակույթի պալատում տեղի ունեցած միջոցառմանը իրենց համերգային համարները ներկայացրին Քաջարանի արվեստի դպրոցի սաները։

Ի դեպ, տոնի առիթով ուղերձ է հղել Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Նրա խոսքով՝ Քաջարան համայնքում ամեն երկրորդ բնակիչ` ճակատագրի բերումով կրում է հանքագործի եւ մետալուրգի պատվավոր անունը եւ քարից ու հողից հաց քամողի պատվավոր կոչումը։ «Ձեր գործը դրվատելի է, իսկ աշխատանքը մեծարման արժանի։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ քաջարանցին հանրությանը կարողանում է ներկայանալ պարզ ճակատով եւ իր արդար քրտինքով։ ԶՊՄԿ-ն աշխատանքային փայլուն ուղի անցած կազմակերպություն է՝ մեր տնտեսության ողնաշարը եւ պետության սահմաններից դուրս՝ մեր այցեքարտը: Դուք 44 օրյա պատերազմի ժամանակ ապացուցեցիք, որ հանուն հայրենիքի` մետալուրգից եւ հանքագործից կարող եք դառնալ զինվոր ու հրամանատար, եւ այդտեղ էլ դուք հերոսաբար կատարեցիք հայրենիքի հանդեպ ձեր պարտքը:

Փառք ու պատիվ մեր արժանավորներին, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայեցին։

Միաժամանակ խոնարհումս՝ ոլորտի երկարամյա եւ երջանկահիշատակ պատվավոր մասնագետներին, որոնց փորձը մեր սերունդները անշեղորեն շարունակում են կատերել` ի շահ Քաջարանի, ի շահ Սյունիքի եւ ի շահ Հայաստանի»,-մասնավորապես նշվում է ուղերձում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031