Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Գրիգորյանին սպանողներին ման եկեք ոչ թե ՔԿՀ-ներում, այլ պատվեր տվողների մեջ»․ Ռուբեն Մելիքյան

Հուլիս 15,2022 20:44

«Համացանցում քննարկումներն արդեն իսկ սխալ ուղղությամբ են ընթանում։ Շատերն են խոսում, որ առողջական խնդիրներ ուներ Արմեն Գրիգորյանը եւ դա այդպես էր, բայց նա ուներ նաեւ բարձր արժանապատվություն։ Եւ երբ խոսում էինք առողջության մասին, նա ասում էր՝ ո՞վ է ձեզանից բժիշկը, ե՞ս, թե դուք։ Նա բժշկական կրթություն ուներ։ Եւ մեզ թույլ չէր տալիս դատարանի կամ այլ մարմինների առաջ խոսել իր առողջական խնդիրների մասին։ Ասում էր՝ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն առաջ է բերում առողջական խնդիրներ, որ պատասխան չտա։ Ասում էր, որ իր ցանկացած խոսքի համար պատասխան է տալու պատվով»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ կինոպրոդյուսեր, դիմադրության շարժման գաղափարակից Արմեն Գրիգորյանն այսօր կտրուկ վատացավ դատական  նիստի ընթացքում․ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Որոշ պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքներն ուղղել ՔԿՀ-ի դեմ։ Հանուն արդարության եւ հենց այսօր, երբ ես պատասխանատվություն ունեմ Արմենի հիշատակի հանդեպ, ասեմ, որ ՔԿՀ-ում Արմենի հանդեպ վատ վերաբերմունք չենք տեսել։ Մանր խնդիրներ են եղել, որոնք լուծվել են։ Որեւէ մեկը չի կարող ՔԿՀ-ում լավ զգալ, բայց Արմենը չի նեղվել։ Եթե ոմանք մտածում էին, որ նա նեղվելու է, ապա չի եղել նման բան։ Նա արժանապատիվ է եղել։ Այստեղ չէ խնդիրը։ Այլ տեղում է խնդիրը։ Ինչո՞ւ պետք է Արմեն Գրիգորյանն առհասարակ ՔԿՀ-ում հայտնվեր, ինչի՞ համար էին նրան նստեցրել, ո՞ւմ հրամանով, ովքե՞ր։ Նա ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար»,-վստահություն հայտնեց Ռուբեն Մելիքյանը։

Նա շեշտեց, որ 2021թ․-ին արտաբերած խոսերի համար իրավապահներն Արմեն Գրիգորյանին «հիշեցին» հենց 22թ․ մայիսին՝ շարժման ժամանակ, մինչդեռ այս մեկ տարում մոռացել էին այդ մասին․ «Արմեն Գրիգորյանին սպանողներին ման մի եկեք այնտեղ, որտեղ չկան՝ ՔԿՀ-ներում, կամ ուրիշ տեղ։ Ման եկեք գրիչի հարվածները դնող քննիչների, դատախազների, դատավորների եւ նրանց պատվեր տվողների ու նրանց ամենաբարձր պատվեր տվողների մեջ։ Արմենին սպանեցին Ֆրանսիայի հրապարակի համար»։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգային թշնամանք հարուցելու համար։ «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,-հայտարարել էր ՀՀ ԱԱԾ-ն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031