Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարբարոսական վիճակ է Գետքում և Ղարիբջանյանում»․ ի՞նչ են քննարկել բողոքի դուրս եկած գյուղացիների հետ

Հուլիս 15,2022 20:11

Քիչ առաջ ավարտվել է Ախուրյան խոշորացված համայնքի երկու գյուղերի՝ Գետքի և Ղարիբջանյանի բնակիչների հետ քննարկումը, որոնք ոռոգման ջուր չունենալու պատճառով առավոտից բողոքի ցույց էին անցկացնում՝ փակելով Գյումրի-Արմավիր մայրուղին։

Քննարկմանը մասնակցած Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանն Aravot.am-ին ասաց, որ բարբարոսական վիճակ է Գետքում և Ղարիբջանյանում։ Այս գյուղերի բնակիչները օգտվում են Ազատանով անցնող ազատ ջրերից՝ կոյուղաջրերից, որոնք փաստացի չեն բավարարում։

Ըստ նրա, Ղարիբջանյանն ընդհանրապես Կառնուտի ջրամբարից չի օգտվում, Գետքի մի հատված կա, որն օգտվում է ջրամբարից։ Վարդան Իկիլիկյանի ասելով, թեև դժվարությամբ, սակայն այդ հատվածին Կառնուտից ջուրը մի կերպ հասնում է, իսկ ահա գյուղի մյուս հատվածի համար մեծ խնդիր է․ նրանք կոյուղաջրերի հույսին են։

«Շատ դժվար է, ցանքատարածություններն ավելացել են։ Իրենք միշտ ցանել են, Ղարիբջանյանի հողերը երբեք անմշակ չեն մնում, ջուրն ազատ է եղել, իրենք արժեքավոր կուլտուրաներ են ցանել, հողային հնարավորությունները մեծ են, շատ չեն, բայց որակի առումով մեծ են։

Նրանք հիմնականում հացահատիկի արտադրությամբ չեն զբաղվում, այլ զբաղվում են ավելի արժեքավոր կուլտուրաների արտադրությամբ՝ կարտոֆիլ, բրոկոլի, կաղամբ, ծաղկակաղամբ, գազար։ Այդ կուլտուրաների մշակումը և՛ աշխատատար է, և՛ ինքնարժեքը բարձր է։ Այդ ժողովուրդը իրոք մեղք է։

Իրենք նաև դժգոհում են, որ ազատանցիները ջրել են իրենց ցանքատարածությունները, իսկ իրենց բաժին չի հասել։ Հավասար բաշխում պիտի կատարվի։

Համայնքի ղեկավարի հետ այս պահին պայմանավորվեցինք, ոնց որ Ազատանում են գրաֆիկով տալիս ջուրը, այստեղ էլ անկողմնակալ մի հոգու․ ջրբաժանը թող ո՛չ Ազատանից լինի, ո՛չ էլ իրենց գյուղից, ընդունենք աշխատանքի, ջրի հերթը պահելու համար բաշխում կատարի, որպեսզի բացիթողի վիճակ չլինի։ Ազատ ջրերը, որոնք կան, այդ ռեսուրսը պիտի կառավարվի», -ասաց Վարդան Իկիլիկյանը։

Նա կարծիք հայտնեց, որ թեև գյուղերը Շիրակ ՋՕԸ-ի անդամ չեն, կարող են դառնալ անդամ, սակայն այս պահին համագործակցության հնարավորություն չկա, դա խնդրի լուծման համար ոչինչ չի տա։

Վարդան Իկիլիկյանի ասելով, գյուղացիների հետ քննարկվել է շարժական պոմպի հարցը, որը պիտի ձեռք բերել։

«Ժամանակի ընթացքում պետք չի եղել, վերացրել են, այս պահին դա էլ չկա, բայց դա իրատեսական լուծում է»,- ասում է նա։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն էլ մեզ տեղեկացրեց, որ բողոքի դուրս եկած գյուղացիների հետ երկար քննարկում են ունեցել Ղարիբջանյանի վարչական ղեկավարի նստավայրում։

«Այս երկու գյուղերը երբեք « Շիրակ» ՋՕԸ-ից չեն օգտվել, ընկերությունը նրանց ջուր չի տրամադրում, նրանք մակերեսային հոսքային ջրերով են իրենց դաշտերը ոռոգել։ Անցած տարի այսպիսի շոգեր չեն եղել, հիմա և՛ շոգն է անտանելի, և՛ ցանքատարածություններ են շատացրել։ Այս փուլում շատ կարևոր է ոռոգման ջուրը»։

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ գյուղացիները քննարկման ժամանակ առաջարկել են օգտագործել շարժական պոմպը, որը որոշակիորեն կարող է ջուր մղել և օգուտ տալ։

«Մի տարբերակը դա է, երկրորդ տարբերակը՝ տեսնենք ՋՕԸ-ն հնարավորություն կունենա՞ ջուր ավելացնելու»,- ասաց գյուղվարչության պետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031