Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի ՊՆ-ն խոստացել էր ապահովել մինչև հունիս հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից, բայց այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի կատարվել:
Ալիևը նշել է, որ պատերազմի ավարտից մեկ տարի և ութ ամիս անց քիչ դրական քայլեր կան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:
«Ցավոք, բացասական պահերն ավելի շատ են: Դրանցից մեկը, մասնավորապես այն է, որ Հայաստանը հրաժարվում է կատարել այն հարցերը, որոնք նախատեսված են 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարությամբ: Հայաստանը, որպես պարտված և կապիտուլիացիոն ակտ ստորագրած երկիր… իր վրա պարտավորություններ է վերցրել: Այդ պարտավորությունները պարզ ու հստակ նշված են փաստաթղթում: Դրանցից մեկը հայկական զինված ուժերի դուրսբերումն է Ղարաբաղից: Բայց մինչ այժմ այդ հարցը լուծում չի ստացել: Մենք բազմիցս բարձրացրել ենք հարցը, բայց Հայաստանը ձգձգում է դա»,- ասել է Ալիևը՝ ամփոփելով տարվա առաջին կիսամյակը:
Նա նշել է, որ իրենք այդ հարցը բարձրացրել են նաև ՌԴ զինվորական ղեկավարության առջև և «մի քանի ամիս առաջ, երբ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձիք Ադրբեջանում էին, նրանք խոստացան մեր ՊՆ-ին, որ հայ զինվորականները մինչև հունիս դուրս կգան Ղարաբաղից»: «Այսօր արդեն հուլիսի կեսերն է, բայց այդ հարցը դեռ լուծում չի ստացել»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
«Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, ինչը հակասում է նոյեմբերի 10-ի հայտարարությանը: Ռուս խաղաղապահները… նրանց չեն ստիպում դա անել: Իհարկե, դա անընդունելի է: Մենք հաղթող երկիր ենք, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Եթե Հայաստանը չի ցանկանում դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից, թող բաց ասի դրա մասին, մենք իմանանք՝ ինչ ենք անելու այդ դեպքում: Ի՞նչ կլինի մեր պատասխանը: Թերևս, այդ մասին տեղին չէ խոսալ: Այնուամենայնիվ, դա նոյեմբերի 10-ի հայտարարության կոպիտ խախտում է»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ