Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց․ «Ցանկացած մեկը, ով կալանքի տակ է, նրա կյանքի եւ առողջության համար պատասխանատու է պետությունը»

Հուլիս 15,2022 18:30

«Անազատության մեջ գտնվող մարդու համար ամբողջությամբ պատասխանատվություն է կրում պետությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն՝ անդրադառնալով դատարանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ինչից է մահացել Գրիգորյանը, հնարավոր է տեղափոխման հետ կապված լինի․«Ով գիտի, թե ինչքան է մնացել ավտոմեքենաների մեջ, տեղափոխման ընթացքում բոքսում ինչքան ժամանակ է մնացել։ Այդ մանրամասները պետք է քննվի։ Անկախ ամեն ինչից՝ անազատության մեջ գտնվող մարդու համար ամբողջությամբ պատասխանատվություն է կրում պետությունը։ Հետեւաբար, ցանկացած մեկը, ով կալանքի տակ է, նրա կյանքի եւ առողջության համար պատասխանատու է պետությունը, եւ կապ չունի, թե ով է մահացել, կամ ով է իշխանության։ Դա աքսիոմա է, անքննելի ստանդարտ է»։

Կարապետյանցն ասաց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյոք կալանքի ընթացքում Գրիգորյանի վատառողջ լինելու մասին հայտարարություններ եղել են, թե՝ ոչ, դրա մասին պետք է որ շահագրգիռ կողմը խոսեր․ «Բայց նաեւ խնդրահարույց է, որ կալանքի հետ կապված դատարանները չեն կարողանում կողմնորոշվել, ու ճիշտ չեն կողմնորոշվում, որովհետեւ դա նեղ մասնագիտական ոլորտ է եւ շատ դեպքերում կան հիվանդություններ, իրավիճակներ, որոնք առանձին-առանձին գուցե վտանգավոր չլինեն, բայց դրանց համակեցությունը կարող է խնդիր առաջացնել մարդու համար։ Ուստի նման հարցերի առհասարակ պետք է շատ լուրջ վերաբերվել»։

Մեր դիտարկմանը, որ դատարանում կարգադրիչներն էլ կարծես չէին տիրապետում առաջին բուժօգնության կանոններին, իրավապաշտպանն ասաց՝ կարգադրիչներն արեցին այն, ինչ կարող էին եւ ինչ պատկերացնում էին։ Այդուհանդերձ, ըստ Կարապետյանցի, մեղադրանք չուղղելով կարգադրիչների կամ ուղեկցող գումարտակի այդ խմբին՝ խնդիր է, որ այդ ոլորտում աշխատողները չեն տիրապետում նման հմտությունների։

«Ոչ միայն կարգադրիչները, այլեւ ուղեկցող գումարտակը, որի պահպանության տակ որոշ ժամանակ գտնվում է կալանավորված անձը, պետք է տիրապետեն առաջնային օգնություն ցուցաբերելու նվազագույն հմտություններին, ունենան իրենց մոտ առաջնային բուժօգնության ճամպրուկը։ Սակայն պետք է նկատել, որ կան դեպքեր, երբ անգամ բժիշկ էլ լինի ու ամբողջ սարքավորումները ձեռքի տակ լինեն՝ չեն հասցնի մարդու կյանքը փրկել»,-ասաց իրավապաշտպանը։

Նա նաեւ հավելեց, որ դեռ պետք է սպասենք Գրիգորյանի ներկայացուցիչների հայտարարություններին՝ հասկանալու՝ արդյոք Արմեն Գրիգորյանն այսօր կամ ավելի վաղ որեւէ գանգատ հայտնել է իր վատառողջ լինելու մասին․ «Պետք է քննություն լինի՝ արդյոք նրա խցում նորմա՞լ պայմաններ են եղել, թե՞ ոչ, գանգատներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, առողջական խնդիրների մասին գանգատվե՞լ է, թե՞ ոչ ու պետք է հասկանանք՝ ինչն է եղել մահվան պատճառը, որովհետեւ դատարանում կալանավորի մահը խայտառակություն է»։

Նինա Կարապետյանցը դեպքի առնչությամբ ֆեյսբուքում նաեւ գրառում է արել․«Հաջորդ անգամ, երբ խոսեք ՔԿՀ-ներում առողջապահական ուղղության բարելավման մասին, հիշեք, որ էսօր դատարանի դահլիճում ՔԿՀ-ից բերված/ՔԿՀ-ում պահվող մարդ ա մահացել։

ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՉԻ

դուք սիրում եք իրան, թե չեք սիրում

կիսում եք իրա տեսակետները, թե չեք կիսում

դատապարտում եք իրա արածները, թե չեք դատապարտում

Դատարանի դահլիճում մարդ ա մահացել»։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը եւս անդրադարձել է դեպքին․ «Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանին, ըստ ԱԱԾ-ի, մեղադրանք է առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ։ Ըստ ԱԱԾ-ի՝ համացանցում եւ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031