ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը` տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:
Փաստացի նշված կազմակերպությունները, ըստ իրենց կանոնադրությունների, իրականացնում են նմանօրինակ և նույնաբովանդակ գործառույթներ. արտադրում և աջակցում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրմանը:
ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում ընկերությունները կազմակերպում և իրականացնում են կինոնախագծերի ֆինանսավորում (հանձնաժողովի միջոցով), համակարգում են կինոարտադրողների հետ իրավահարաբերությունները, թվայնացնում ու տարածում են ֆիլմերը, ինչպես նաև կինոարտադրողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով իրականացնում են խորհրդատվական գործունեություն:
Կարդացեք նաև
Միաժամանակ այս կազմակերպությունները համագործակցում են կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են համատեղ կինոարտադրություն (միջպետական համաձայնագրերի և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան)` ներկայացնելով կինոարվեստը միջազգային ասպարեզներում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ