«Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նրա առաջին պիեսը՝ «Թունելը» 1986-ին բեմադրվել է Նյու Յորքի Իռլանդական արվեստի կենտրոնում: Սա սցենարիստ եւ ռեժիսոր Ջիմ Շերիդանի հետ Թերի Ջորջի բազմաթիվ համատեղ աշխատանքներից առաջինն է: 1992-ին Ջորջը և Շերիդանը գրել են «Հանուն հոր» ֆիլմի սցենարը: Կինոնկարն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 7 անվանակարգում, այդ թվում՝ լավագույն սցենարի համար:
1996-ին Թերի Ջորջը տարվա լավագույն երիտասարդ եվրոպացի կինոռեժիսոր է ճանաչվել իր՝ «Մի մոր որդի» ֆիլմի շնորհիվ: Այնուհետև նա այլ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է եղել, որոնց թվում են «Բռնցքամարտիկը», «Վառ, փայլուն սուտը», «Հարթի պատերազմը», «Արգելված ճանապարհը» և «Խոստումը»: 2004-ին Թերի Ջորջը դարձել է «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը: Ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» 3 անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն սցենարի համար:
Հեռուստատեսության ոլորտում Թերի Ջորջի աշխատանքներից են CBS-ի «Շրջանը» հեռուստասերիալը (նա գործադիր պրոդյուսերն է) և HBO-ի «Բախտը»: 2012-ին նրա «Ափը» կարճամետրաժ ֆիլմը, որի պրոդյուսերը ռեժիսորի դուստրն է՝ Ուրլան, «Օսկարի» է արժանացել որպես լավագույն կարճամետրաժ խաղարկային կինոնկար:
AGBU-ի գրասենյակում կազմակերպված հանդիպման ժամանակ անվանի կինոդեմքը խոսելով «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի` իր աշխատանքներից, ասաց, որ բավականին հաճելի է, եւ ինքն ուղղակի վայելում է այն, քանի որ ժյուրիի կազմում լինելը հնարավորություն է եւս մեկ անգամ ծանոթանալու աշխարհի ֆիլմարտադրությանը: «Ես ապրում եւ աշխատում եմ ԱՄՆ-ում ու ամեն օր «ռմբակոծվում» ամերիկյան սթրիմինգով, ֆիլմերով…Ուստի իսկապես պետք է փնտրել աշխարհի ֆիլմերը մի փոքր JAM տարբերակով… Մեր բոլոր պանելային քննարկումները շատ հետաքրքիր են անցնում, ես զգում եմ, որ ամենաքիչ գիտելիքներ ես ունեմ կինոյի մասին, դրա համար հաճախ ձայնս կտրում եմ»,-ասաց անվանի կինոռեժիսորը:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ ցեղասպանությունների թեմային, ու մասնավորապես Հայոց ցեղասպանությանն ու այդ թեմայով «Խոստում» ֆիլմին, ափսոսանք հայտնեց, որ որոշ գործոնների պատճառով «Խոստումը» չդարձավ հայկական «Շինդլերի ցուցակը»:
Թերի Ջորջը նաեւ նշեց, որ համավարակի շրջանում ոչինչ չի արել. «Մեզանից շատերը ոչինչ չեն արել այդ շրջանում, բայց պետք է նաեւ ազնվորեն խոստովանեմ, որ շատ հաճելի է ոչինչ չանելը: Թեեւ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Հոլիվուդում, հսկայական ազդեցություն թողեց ոչ միայն իմ կարիերայի, այլեւ ընդհանրապես բոլոր ռեժիսորների ու սցենարիստների կյանքի վրա»: Նա ասաց, որ հիմա ավելի շատ աշխատում է հեռուստատեսությունում, եւ զբաղված է սերիալներով:
Օսկարակիրը խոսեց նաեւ իր անցած ճանապարհից. «Ճանապարհը, որով ես անցել եմ, ամենալավ ձեւն էր կինոաշխարհ մտնելու համար»:
Թերի Ջորջի խոսքով, սցենարներ գրել է միշտ չէ, որ արդյունավետ գործ է: Նա նշեց, որ աշխատել է նաեւ որպես քաղաքական լրագրող, ճամփորդել, աշխատանքն էլ սկսել թատրոնից: Թերի Ջորջը երիտասարդ կինոսցենարիստներին խորհուրդ տվեց պատմություն պատմելը սկսել թատրոնից, նախ պիեսներ գրել ներկայացումների համար: «Ինձ համար ֆիլմը փառք բերող դիակ է, երկու տարի հետո փառքն անցնում է, եւ դերասանները չեն էլ հիշում դրա մասին, իսկ թատերական ներկայացումը կենդանի օրգանիզմ է, ամեն օր աշխատում ես հանդիսատեսի առաջ, ներկայացումը զարգանում է, առաջ է գնում : Ես հենց այսպես մտա կինո…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ