Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ունես ուսուցիչների պակաս, ինչպե՞ս ես 2030թ դառնում աշխարհի լավագույն երկրներից մեկը». ՍԵրոբ Խաչատրյան

Հուլիս 15,2022 15:37

Վերջին մեկ տարում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է։ Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր է։ 2017-2018 ուսումնական տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը եղել է 1758, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 3559։ Միաժամանակ կրթության փորձագետներն արձանագրում են, որ մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը կտրուկ նվազում է, իսկ ավարտածներից շատերը, հատկապես երիտասարդները, չեն ցանկանում դպրոցում աշխատել։

«Երբ ԿԳՄՍ նախարարությունն ինչ-որ բաներ է գրում ու հռչակում, պետք է տակը հաշվարկներ լինեն»,- Մեդիա կենտրոնում կայացած «Ուսուցիչների ծերացման միտում, մանկավարժական բուհերում՝ դիմորդների պակաս. դպրոցն՝ առանց ուսուցիչների մնալու վտանգի առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով. «Եթե դու ունես ուսուցիչների պակաս, ապա ինչպե՞ս ես 2030թ դառնում աշխարհի լավագույն երկրներից մեկը` ԹԻՄՍ-ի արդյունքներով: Ո՞նց են հաշվել: Նույնը համալսարանների հետ կապված, ո՞նց ես աշխարհի 500 լավագույն համալսարանների շարքում հայկական 4 համալսարան մտցնում, ում հաշվին»:

Սերոբ Խաչատրյանը, որ 1997 թվականից կրթության ոլորտում է, ցավալի փաստ է արձանագրել. «Մեզ 25 տարի կերակրել են խոստումներով, ով եկել է, ասել է 10 տարուց սա ենք անելու, նա ենք անելու, 10 տարին անցնում է, էդ ասողը էլ չկա: Նոր եկածներն էլ ասում են` մենք պատասխանատու չենք նրանց համար, հիմա մենք նոր բան ենք ասում, տասը տարուց սա կլինի: Տասը տարին անցնում է, էս մարդիկ էլ չկան: Ինչպես նշեցի, մեզ շարունակ կերակրում են խոստումներով ու հետեւյալ փաստարկն են բերում, թե կրթության մեջ արդյունքները դանդաղ են երեւում…Հայաստանում երեք տարի աշխատում է նախարարը, գործից հանում են, գալիս է հաջորդը, էլի ասում է`մեկ տարում չենք կարող, տասը տարի սպասեք, լավ կլինի, բայց ինչքա՞ն սպասենք:

Հիմա դրա համար նույն ձեռագրով ասում են` մինչեւ 2030 թիվը սպասեք, մենք 4 համալսարան կունենանք աշխարհի լավագույնների մեջ, ԹԻՄՍ-ով ու Պիզայով կլինենք լավագույնները, բայց ինչպե՞ս, ո՞ւր է քո ռեսուրսը, տեսնենք քո քաղաքականությունն արդյոք տանելո՞ւ է դրան: Մի հատ բեր նայենք քո կրթական չափորոշիչները ոնց ես փոխել, որովհետեւ ԹԻՄՍՆ ու Պիզան հատուկ մեթոդաբանություններ ունեն, արդյոք մեր դասագրքերի հեղինակները տեղյակ են այդ մեթոդաբանությունից, արդյոք չափորոշիչների հեղինակները տեղյակ են այդ ամենից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031