24News. Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մեր զինված ուժերի գրագետ, ճանապարհ անցած, առաջին գծում ծառայած զինվորականներից է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասրյանի երեկվա նշանակմանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ամիսներ առաջ «Անդրանիկ Քոչարյանի և նրա ՔՊ-ի թիմակիցների խառնակչության և մանրախնդրության պատճառով գեներալ-մայոր Ասրյանը ազատվեց պաշտոնից և տեղափոխվեց ավելի ցածր պաշտոնի»։
«Եվ հիմա հասկանալով հարցի իրողությունը և պաշտոնի կարևորությունը՝ նրան նշանակեցին բարձր պաշտոնի։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ գեներալ-մայոր Ասրյանը ունի անհրաժեշտ կարողություններ։ Ասրյանը եղել է Օպերատիվ գլխավոր վարչության պետ, մի քանի հարցազրույցներում էլ ասել եմ, որ երբ իրադրությունը սահմանին ծանր էր, Ազգային ժողովում փակ, գաղտնի քննարկման ժամանակ նա համարձակություն կամ միամտություն ունեցավ ՔՊ-ականների մոտ ինձ դիմել «գեներալ»-ով, «նախարար»-ով, մի քանի գովեստի խոսքեր ասաց որոշ հարցերի, առաջնագծի հետ կապված, և իրեն ազատեցին պաշտոնից 1 ամիս հետո, տարան ավելի ցածր պաշտոնի՝ գեներալ-լեյտենանտի պաշտոնից գեներալ-մայորի։ Հիմա արդեն հասկացել են, որ ինքը նորմալ գեներալ է և նշանակել են ԳՇ պետ։ Այս ծանր իրավիճակում, դժվարին պատասխանատու գործում ես միայն կարող եմ նրան հաջողություն ցանկանալ», – եզրափակեց Սեյրան Օհանյանը։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: