Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոլապս է Եվրոպայի բոլոր օդանավակայաններում, միայն «Լյուֆթհանզան» 2000 թռիչք չեղարկել է». Խաչատուր Սուքիասյան

Հուլիս 15,2022 14:25

Այլ երկրներում, երբ շատ տուրիստներ են գալիս, սովորաբար ուրախանում են, տնտեսական աճ է լինում, բյուջեի մուտքերն ավելանում են: Մեր երկրում, ինչպես պարզվեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի բացատրությունից, տուրիստները բերել են գնաճ: Նրա խոսքով՝ «Հայաստանում գնաճի հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանից կամ այլ երկրներից ժամանած մարդիկ են»:

Aravot.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին հարցրեց՝ ԿԲ նախագահի այդ հիմնավորումն ինչքանո՞վ է ընդունելի, չէ՞որ տուրիստների գալով՝ այդ երկրի տնտեսությունը զարգանում է, մարդիկ ավելի լավ են ապրում, ինչո՞ւ է մեր երկրում այլ պատկեր՝ նա պատասխանեց. «Իհարկե, այդպես է, ուղղակի զուգահեռներ անցկացնենք: ՀՀ-ից արտահանվող ապրանքը արտահանվում է հատուկ բեռնատարներով: Բեռնատարների գինը բավականին բարձրացել է: Տեղ կա, որ երբ գները համեմատում ենք, 3,5 անգամ բարձրացել է: Դա մեքենաների քիչ լինելու պատճառն է, դեֆիցիտի պատճառն է, այնքան մեքենա չկա, պահանջարկն ավելի շատ է, քան մեքենաների առաջարկը: Այդպես էլ արտարժույթն է, որ մեծ հոսքով մտել է Հայաստան ու հնարավոր է՝ պատրաստ չեն եղել: Ինձ ասացին, որ մինչեւ անգամ շատ դեպքեր են եղել, երբ երեկոյան ժամը 6-7-ի կողմերը սուպերմարկետերում ապրանքները չեն բավարարել: Դա նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իրացվող քանակը գնահատված չի եղել եւ բիզնեսի կողմից չի գնահատվել, կամ այն պարտավորությունները, որոնք ունեցել են օտար երկրներում, դրանք երկկողմանի են: Միգուցե հայկական բիզնեսը մտածել է, որ այնտեղ կարող են տույժ-տուգանքների ենթարկվեն, իսկ հայկական իրականության մեջ չեմ կարծում, որ այդ կարգի պայմանագրային խստությամբ կլինի, դրա համար առաջին հերթին արտահանմանն են միգուցե սպասարկել: Գուցե սա լինի պատճառը, որ ժամը 6-7-ին ապրանքի պակաս է զգացվել»:

Հարցին՝ եթե տուրիստների գալով՝ գները աճել են, ծառայությունների գները բարձրացել են, կարո՞ղ է որոշում կայացնեն սահմանափակում մտցնեն տուրիստների՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ պետք չէ ԿԲ նախագահի խոսքը ուղիղ հասկանալ, իսկ ծառայությունների գների մակարդակը որոշ ժամանակ հետո կկայունանա ու կկարգավորվի. «Ինչպես եղավ բնակարանների գների դեպքում՝ սկզբից շատ բարձրացավ, հետո որոշակի նվազեց, հիմա մենք էլ պետք է մտածենք , որ եթե ինչ-որ մի բանի դեֆիցիտ է զգացվում, դրանք ինչ-որ ձեւով լրացնեն, որպեսզի բերեն բալանսի: Իսկ գները համաշխարհային գնաճից է, բոլորս տեղյակ ենք, տրանսպորտի առումով՝ նույնպես: Առավոտյան ես նայել եմ արտասահմանյան մամուլը, կոլապս է Եվրոպայի բոլոր օդանավակայաններում: Միայն «Լյուֆթհանզա»ն 2000 թռիչք չեղարկել է, չի հետաձգել: Եվրոպայի ներսում այն էլ այս փուլում 2000 թռիչք չեղարկել է, դա իր ազդեցություն ունենալու է: Հիմա այն վիճակագրությունը, որը այս պահին կա, կարելի է համարել որոշակի ֆորսմաժորային, դա տարվա կտրվածքով, իհարկե, իր ազդեցությունը կունենա ցուցանիշների վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031