«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանի սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի աստղային հրապարակում բացվեց հայ կինոյի մեծանուն դեմքերից՝ կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ (1969-1975), հայ կինոյի զարգացման գործում անգնահատելի և անուրանալի ավանդ ներդրած ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ աստղը:
Աստղի բացմանը ներկա էին ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ընտանիքի անդամները՝ դուստրը՝ նկարչուհի, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ, թոռնուհին՝ ԼԻԼԻԹ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ, Վարպետի ծոռները, աշակերտները, որոնք այսօր իրենց ուրույն տեղն ունեն հայկական կինոյում, ընկերներ, երկրպագուներ, վաղարշյանական արվեստի սիրահարներ:
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ իր գնահատանքի խոսքն ասեց ականավոր կինոգործչի մասին, խոսեցին նրա աշակերտները, գործընկերները՝ ռեժիսորներ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ, ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ, իր երախտիքի խոսքն ասաց նաև կինոռեժիսորի դուստրը՝ ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ, որոնք էլ աստղի վրայից վերցրին ծիրանային ծածկոցը, և ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ աստղը շողշողաց «Ոսկե ծիրանի» հիմնած աստղային պուրակում:
Սա իրապես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգործիչների միության հարգանքի և խոնարհումի տուրք էր ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻՆ՝ հայ կինոյին նվիրաբերած կյանքի, մատուցած ծառայությունների և ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով:
Կարդացեք նաև
Հայաստանի Կինոգործիչների միություն