Հուլիսի 14-ին մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրած զինծառայող Արսեն Մանուկյանը Aravot.am-ի տեղեկություններով Կապանի զորամասի զինծառայող էր: Այն նույն զորամասի, որտեղից այս տարեսկզբին նորակոչիկ էր փախել՝ պատմելով զորամասի վատ բարքերի մասին: Հիշեցնենք, որ այդ փախած զինծառայողի տատիկը զինվորական ոստիկանությանը թոռանը հանձնեց պայմանով, որ նրան այլեւս չեն ուղարկի այդ նույն զորամաս:
Արսեն Մանուկյանին, նրա քրոջն ու ավագ եղբորը՝ Զավենին, որը պայմանագրային զինծառայող է, 44-օրյա պատերազմի մասնակից՝ Վարդենիսում բնութագրում են որպես հրաշալի երիտասարդների, որոնք նաեւ շատ խելացի են:
Aravot.am-ը զրուցեց Արսենի քրոջ՝ Մարիամ Մանուկյանի հետ:
«Ինքը միշտ մեզ զանգել է շատ ուրախ: Վերջին անգամ երկուշաբթի ենք խոսել, ամեն ինչ լավ էր, ուրախ, զվարթ, կատակներով մեզ հետ խոսել էր: Թե ինչ եղավ, որ այդպես եղավ: Մենք Արսենի հետ խոսելուց էլ կզգայինք, եթե խնդիր լիներ, բայց ինքը երբեք չի դժգոհել»,- պատմեց Մարիամ Մանուկյանը:
Կարդացեք նաև
ԶԼՄ-ների տեղեկությունների առնչությամբ, թե ինքնասպանությանը նախորդել էր վիճաբանություն, Մարիամ Մանուկյանն ասաց՝ նման տեղեկություններ չունեն:
«Կարող է ինչ-որ մեկն է դրդել, բայց ինքը նման բանի ընդունակ չէր»,- ասաց Մարիամ Մանուկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ