Հուլիսի 15-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բացման խոսքով հանդես է եկել «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում անցկացվող «Միջազգային պաշտպանության մասին օրենսդրության համապարփակ բարեփոխում» խորագրով շահագրգիռ կառույցների մեկնարկային հանդիպմանը
Պաշտպանն իր ելույթում նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանների գրեթե բոլոր տարեկան զեկույցներում, այդ թվում նաև ոլորտին վերաբերող արտահերթ զեկույցի շրջանակներում:
Ի թիվս այնի՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձրաձայնել է իրավական պաշտպանությանն առնչվող թե´օրենսդրական, և թե´ գործնականում այդ պաշտպանությունն ապահովելու գործելակերպերի բացերին և ընդգծել, որ մեկնարկող օրենսդրական փոփոխությունները պետք է հասցեագրեն այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ ապաստան հայցողների չվերադարձելիության սկզբունքի ապահովումն՝ անկախ փախստականի կարգավիճակ ստանալուց, անվճար թարգմանության ինստիտուտի օրենսդրական ու գործնական ապահովմանն ապաստան հայցողների հետ հաղորդակցվող բոլոր պետական մարմինների, ներառյալ սահմանապահ զորքերի, ոստիկանության, քրեակատարողական վարչակազմի կողմից և այլն:
Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է նաև վերջերս կատարած շրջայցին Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ, որի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, բնակության պայմաններն ու կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, Կացարանի աշխատակիցների և Միգրացիոն ծառայության ղեկավարի հետ:
Պաշտպանը նշել է, որ բարձրացված հարցերի համապարփակ ու ինստիտուցիոնալ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է առաջնահերթ ապահովել բավարար ֆինանսական ռեսուրսներ։
Կարդացեք նաև
Խոսքի ավարտին Քրիստիննե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, որի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ևս ընդգրկված կլինի միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան