Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ում ընդդիմադիրներին մանդատից զրկելու կողմնակիցներից է եղել Աղազարյանը, նա ուզում է այդ մանդատները ստանան ընդդիմադիրների ցուցակի հաջորդ թեկնածուները

Հուլիս 15,2022 13:08

Երեկ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշել է Սահմանադրական դատարան չդիմել:

Նման որոշման համար հիմք է հանդիսացել ՔՊ խմբակցության որոշումը: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունում այդ հարցով կարծիքների բախում է եղել:

Ընդդիմադիրներին մանդատից զրկելով պատժելու կողմնակիցներից է եղել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Նա մեր զրույցում ասաց, որ ուզում է ոչ թե ընդդիմությանը մանդատ չտալ, այլ՝ այդ մանդատը տալ ընդդիմադիրների ցուցակի հաջորդ թեկնածուներին. «Իրենք ունեն իրենց ցուցակի շարունակական հատվածը, որտեղից կարող են գալ: Անձամբ ես կողմնակից եմ եղել, որ այդ հարցը բարձրացվի եւ քննարկման առարկա դառնա օրենքով սահմանված կարգով: Բայց մեր խմբակցությունը այդ հարցը քննարկել է ու իր մեծամասնության մեջ գտել է, որ այդ հարցը չի բարձրացնելու: Խորհուրդը օրենքով է պարտադրված այդպիսի քայլ անելու, բայց մենք գիտենք, որ մանդատներից զրկելու հարցն ուրիշ է, պաշտոններից հետ կանչելը ուրիշ հարց է, դա մեր լիազորությունների սահմաններում է, մենք արել ենք»:

Հովիկ Աղազարյանը արդեն կանխատեսում էր, թե ինչ էր լինելու ՍԴ-ում, եթե խորհուրդը հարցն ուղարկեր այնտեղ. «Շատ հավանական է, որ Սահմանադրական դատարանն ասեր՝ քանի որ Իշխան Սաղաթելյանը այդ ժամանակահատվածում ոչ թե ման է եկել աշխարհում, տուրիստական շրջագայությունների մեջ է եղել, այլ ինքն, իր կարծիքով, իր մանդատն իրացրել է փողոցային պայքարի միջոցով, հետեւաբար կարող է ՍԴ-ն գտներ, որ դա չի կարելի համարել անհարգելի բացակա»:

Հարցին՝ դուք էլ եք պատգամավոր, երբ մարդը դուրս է գալիս փողոցային պայքարի, դա կարելի՞ է համարել անհարգելի բացակայություն՝ Աղազարյանը պատասխանեց. «Ընդդիմությունը իշխանության կարեւորագույն մաս է: Ընդդիմության բացակայությունը էապես ազդում է ԱԺ աշխատանքի որակի վրա, հետեւաբար իրենք պարտավոր են լինել եւ կատարել իրենց վրա դրված սահմանադրական պարտականությունները: Դա չի նշանակում, որ իրենք չպետք է դիմեն փողոցային պայքարի: Այս կամ այն հարցի շուրջ, եթե իրենք ունեն այնպիսի տարաձայնություններ, որ ժողովրդի աջակցության կարիք ունեն, պետք է անեն մեկ-երկու հանրահավաք, տեսնեն ինչ է ստացվում: Եթե տեսնում են, որ հանրահավաքը իրենց կարող է տալ հնարավորություն իշխանություն փոխեն, թող շարունակեն, բայց եթե չկա դա, ավելի լավ չի՞ աշխատենք միասին, քննադատեն մեզ, մեր սխալների վրա քաղաքական կապիտալ հավաքեն, մենք էլ ձիգ լինենք ու ավելի լավ աշխատենք»:

Հարցին՝ այսինքն, իրենց սխալն այն էր, որ երկարացրե՞լ են փողոցային պայքարը՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Այո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031