Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Որևէ հաստատություն փակելը ամենահեշտ ճանապարհն է, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք». Խզմալյան

Հուլիս 15,2022 12:52

«Ամենահանճարեղ դասական երաժշտությունն անգամ լսելով, միևնույնն է, ինչոր պահի ցանկանում ես այլ բան լսել, բայց ժողովրդական երգը երբեք չի հոգնեցնում: Այն մեզ համար կենսաբանություն է: Ժողովրդական երգի՝ մեր հանրային կյանքում ունեցած դերն անհնար է գերագնահատել»,- ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի միավորմանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

«Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվելիք նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

«Փոփոխություններն ուղղված են ոչ թե թուլացնելու, այլ ընդհակառակը՝ ուժեղացնելու համակարգը,- իր դիտարկումն է ներկայացրել Արա Խզմալյանը և հավելել,- այս ՊՈԱԿ-ները չեն գործում միասնական քաղաքականության համատեքստում և շատ հաճախ տեղյակ չեն մեկը մյուսի երկացանկից: Հարցը քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների ղեկավարների, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կազմակերպվել են լսումներ, դրանց գործունեության դետալային ուսումնասիրություններ: Պետք է արձանագրել, որ արդյունքները գերազանցապես լավ կամ բավարար վիճակում չեն: Ըստ տարազագետի՝ խախտված է տարազային նշանագիտությունը, խաթարված է պրոֆեսիոնալ կոլեկտիվների համագործակցությունը և այլն»:

Միավորվող ՊՈԱԿ-ների հետ քննարկվել են միաձուլմամբ վերակազմավորվելու անհրաժեշտությունն ու հնարավորությունները: Ըստ այդմ՝ կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը հակասություն չունի, և վերակազմավորումը հնարավորություն կտա լիարժեքորեն ծավալելու միասնական գործունեություն:

Փոխնախարարը վստահեցրել է՝ կառույցների ղեկավար կազմը փոխելու որևէ ցանկություն կամ մտադրություն դեռևս չկա, պարզապես տնօրենները կդառնան ստեղծագործական խմբերի ղեկավարներ:

Անհրաժեշտություն կա մեկ կառավարչի, որն օրնիբուն կզբաղվի կանոնադրական խնդիրը ճշտելով ու համակարգելով, որովհետև կառույցների կանոնադրական նպատակներից  շեղումներ են արձանագրվում: Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 6 ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային տնտեսությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդատեղեկատվական գործունեությամբ:

Առաջնային խնդիր է հասկանալ, թե յուրաքանչյուր կառույց այսօր Հայաստանի Հանրապետությունում ինչ մշակութային դիմագիծ է մշակում: Միավորումը, ըստ էության, ոլորտի ռազմավարական նշանակության բարձրացմանն է ուղղված:

«Մեր արյան շրջանառությունը կարգավորվում է ժողովրդական երգից ու պարից: Ու մենք ուզում ենք՝ ժողովրդական արվեստը երիտասարդության շրջանում լինի պահանջված ոլորտ, վերականգնի իր հանրային վարկանիշը, հնչի ամենուր, որովհետև դրա թերապևտիկ նշանակությունն անգնահատելի է մեր օրերում՝ վերջին արհավիրքից հետո»,- ասել է Ա. Խզմալյանը՝ իրազեկելով, որ երկու ամիս անց անցկացվելու է «Զարկֆեստը»՝ Յարխուշտայի փառատոնը, որի նպատակը, ի թիվս այլ ծրագրերի, ժողովրդական երաժշտության և պարի ոլորտը ռազմավարական կարևորության դաշտ բերելն է:

«Որևէ հաստատություն փակելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, որի լիազորությունն ունի նախարարությունը, բայց որակը վերականգնելը և պատշաճ մակարդակի բերելը երկարատև և ավելի թանկ ճանապարհ է, որն էլ մենք ընտրել ենք»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Նա արձանագրել է՝ Կառավարությունը և հատկապես ոլորտը կարգավորող գերատեսչությունը չեն կարող դեմ լինել տվյալ կառույցի իրավակազմակերպական կարգավիճակին. դեմ են առկա արդյունքին. «Եթե կա արդյունք, դա պետական մշակութային քաղաքականության մաս է, գործիք: Կառավարությունը չի կարող հրաժարվել արդյունավետ աշխատող կառույցից»:

Ա. Խզմալյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին կադրային ճիշտ քաղաքականության շնորհիվ մշակութային կառույցները վերափոխվել են, կարևոր է ճիշտ և պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումը, յուրաքանչյուր ՊՈԱԿ պահանջում է իր առանձին արդյունքային ցուցանիշը, հանդիսատեսային շուկայի վերլուծության կարիք կա:

Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031