Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուրադ Փափազյանի գրառումը շատ տգեղ գրառում էր, դա դաշնակցականին վայել գրառում չէր, միայն այդ գրառման պատճառով ես այդ որոշումը կկայացնեի». Հովիկ Աղազարյան

Հուլիս 15,2022 12:43

ՀՀ իշխանությունները Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելել են: Նրան օդանավակայանից հետ են ուղարկել: Պատճառը, ըստ տարածվող տեղեկատվության, այն է, որ Փափազյանը Փաշինյանի դեմ բողոքի ցույց է կազմակերպել: Ուստի Փափազյանը ֆեյսբուքյան գրառմամբ դա կապել է հենց վարչապետի հրահանգի հետ. «Նիկոլ Փաշինեանի հրամանով Հայաստանի մէջ կը նկատուիմ անբաղձալի տարր: Ոստիկանութիւնը առաջնորդեց զիս դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էի արդէն Երեւան, ուր մուտքին զիս կասեցուցին եւ անցագիրս գրաւեցին»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց՝ որպես նախկին դաշնակցական, դուք նորմա՞լ եք համարում, որ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել մտնել Հայաստան, նա գրել է, որ մեկ էլ Ադրբեջանի ու Թուրքիայի համար է անցանկալի անձ, հիմա էլ՝ Հայաստանի՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Միայն այդ գրառման պատճառով ես հետահայաց այդ որոշումը կկայացնեի: Գրառումը ես կարդացել եմ ու միայն այդ գրառման պատճառով այդ որոշումը կկայացնեի: Ես մանրամասներին տեղյակ չեմ, չգիտեմ, թե այն մարմինը, որը այդ որոշումը կայացրել է ինչ հիմքերի վրա է կայացրել: Բայց իր գրառումը շատ տգեղ գրառում էր, դա դաշնակցականին վայել գրառում չէր»:

Հարցին՝ կո՞ղմ եք այսինքն, որ հային մեկ Թուրքիա ու Ադրբեջան չթողնեն մտնի, մեկ էլ՝ Հայաստան՝ Աղազարյանը պատասխանեց. «Ոչ թե կողմ եմ, ես չգիտեմ այդ որոշումը ինչ հիմքերի վրա են կայացրել»:

Դիտարկմանը, որ Փափազյանը գտնում է, դա Փաշինյանի հրամանով է եղել, այսինքն` Փաշինյանի անձնական քմահաճույքի պատճառով է՝ Աղազարյանը արձագանքեց, որ մանրամասներին տեղյակ չէ, չի կարող պատճառների մասին գնահատական տալ, բայց ամեն դեպքում Փափազյանի գրառումը շատ տգեղ էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031