Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործերը քառապատկվել են

Հուլիս 15,2022 12:26
haytararutyun

2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ:

4 քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված տեղեկատվությունը, 1-ով՝ քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին ձեռք բերած տվյալները, 1-ով՝ հետաքննության մարմնի զեկուցագիրը, 1-ով՝ հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումը:

Հայտարարագրերի ներկայացման վերոնշյալ երկու հանցակազմերով 2021թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022թ. ընթացքում:

Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11  քրեական գործով:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝

  • 2022թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին:

Այս գործով դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով`  մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

  • 2022թ. ապրիլի 15-ին դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:
  • 2022թ. հունիսի 22-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար:
  • 2022թ. հունիսի 2-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Բացի վերոնշյալը, դեռևս 2021թ. ապրիլի 28-ին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ ՀՀ ԿԿՀ չներկայացնելու համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.11.2021թ. որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման  հիմքով:

Դատախազի կողմից վերոհիշյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 03.03.2022թ. ՀՀ վերաքննիչ դատարանը որոշմամբ բողոքը բավարարել է՝ գործն ուղարկելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բոլոր այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների գույքի ծագման օրինականության հետ կապված կասկածներ են առաջացել, համապատասխան զեկուցագրեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ուսումնասիրության վարույթ սկսելու հիմքերը պարզելու նպատակով:

Հավելենք, նաև, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքով այս երկու արարքները միացվել են մեկ հանցակազմում, որը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031