Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խիթարյան. «Մենք ցանկանում ենք ունենալ մրցակցություն, որովհետեւ միայն մրցակցության արդյունքում կլինի որակի իրական բարձրացում»

Հուլիս 15,2022 12:16

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ավարտվել են 2022/2023 թթ. ուստարվա ընդունելության քննությունները: Ընդհանուր առմամբ եղել է 451 դիմորդ, որից 13-ը՝ բարձրակարգ մարզիկ: Aravot.am-ին տված հարցազրույցում ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը տեղեկացրեց, որ վերջիններն ընդունվել են կառավարության համապատասխան որոշումով, առանց ընդունելության քննության:

-Ովքե՞ր են այդ բարձրակարգ մարզիկները:

-Անունները չթվարկեմ: Բայց նրանք աշխարհի, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են:

-Դիմորդների քանակից գո՞հ եք:

-Այո: Շուտով կսկսվի նաեւ արտասահմանցիների ընդունելությունը, որից հետո լիցենզիայով նախատեսված մեր տեղերը կսպառվեն: Մենք ցանկանում ենք ունենալ մրցակցություն, որովհետեւ միայն մրցակցության արդյունքում կլինի որակի իրական բարձրացում:

Ուրախալի է, որ ունենք մասնագիտացումներ, որտեղ նախորդ տարիներին դիմորդների քանակը քիչ է եղել, բայց այս տարի բավականին ավելացել է: Դա վերաբերում է ազատ ոճի ըմբշամարտին, շախմատին, վոլեյբոլին, հրաձգությանը, որտեղ հիմա մրցակցություն կա:

-Ընդունելության քննությունների կազմակերպման մեջ նորություններ, փոփոխություններ եղե՞լ են:

-Այս տարվա մեր լրջագույն խնդիրներից մեկը որոշ կրթական ծրագրերում անցումն էր միասնական քննությունների: Խոսքը մարզական լրագրության մասին է: Կառավարության որոշմամբ այն կրթական ծրագրերում, որոնք իրականացնում են տարբեր բուհեր, պետք է լինի միասնական քննության կարգ: Եվ այդ կարգի համաձայն՝ մարզական լրագրողների կրթական ծրագրում սահմանվեց երկու քննություն՝ օտար լեզու եւ հայոց լեզու: Մենք ունեինք վեց դիմորդ, որոնցից, եթե չեմ սխալվում, անցողիկ շեմը հաղթահարել են երկուսը: Պաշտոնական գրությունը պետք է ստանանք ԳԹԿ-ից:

Ֆիզիկական վերականգնման՝ կինեզիոլոգիա մասնագիտությունում 64 դիմորդից կենսաբանության միասնական քննության անցողիկ շեմը հաղթահարել է 17-ը:

-Այսինքն, որոշ մասնագիտություններում համալրումը թերի՞ է: Դա խնդիրներ չի՞ առաջացնի:

-Այս հանգամանքը, կարելի ասել, որոշ ճգնաժամային իրավիճակ ստեղծեց բուհում: Բայց քանի որ բուհի ռազմավարության մեջ գլխավոր տեղ է գրավում որակի բարձրացումը, մենք պետք է այս մարտահրավերն ընդունենք: Պարզապես, մեր դիմորդները պետք է ավելի շատ աշխատեն դպրոցական ծրագրով:

Մենք այս մասնագիտությունում ունենք նաեւ դասիչի փոփոխման առաջարկներ, որովհետեւ ֆիզիկական վերականգնողները իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն սպորտային ասպարեզում, այլեւ հանրային տարբեր խմբերում՝ զինհաշմանդամներ, հաշմանդամներ, տարիքային եւ սոցիալական տարբեր շերտերի քաղաքացիներ: Մեր մասնագետներն աշխատում են բոլոր վերականգնողական կենտրոններում եւ կիրառում իրենց գիտական կարողություններն ու հմտությունները:

Ինչ վերաբերում է մասնագիտական մանկավարժությանը, որը մեր հիմնական ուղղվածությունն է, միանշանակ կրթության որակի բարձրացումը հետագայում բերելու է մեր շրջանավարտների մասնագիտական որակական բարձրացման, ինչն էլ հանգեցնելու է աշխատաշուկայում որակի փոփոխության: Նկատի ունեմ մարզիչներին եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին:

Մի կարեւոր փոփոխություն էլ կա, որը մենք մտցրել ենք իմ ռեկտոր ընտրվելու առաջին իսկ տարվանից: Ընդունելության բոլոր ներբուհական քննությունները տեսաձայնագրվում են, որպեսզի բողոքարկումների դեպքում ուսումնասիրվեն հիմնավորումները: Սա նաեւ բուհի նկատմամբ վստահությունը բարձրացնում է դիմորդների եւ ծնողների շրջանում:

-Եկեք մեկ անգամ էլ արձանագրենք. ուսանողների թերհավաքագրում այս տարի կա՞:

-Պետպատվերի շրջանակներում՝ ոչ, վճարովի տեղերի համար՝ այո: Բայց խնդիրը ժամանակի ընթացքում, կարծում եմ, կկարգավորվի:

-Եթե ուսանողների թիվը զգալիորեն նվազել է վճարովի ուսուցման ոլորտում, որտեղից գոյանում է բուհի բյուջեի առյուծի բաժինը, դժվար չէ կռահել, որ ինստիտուտում աշխատատեղերի կրճատումներն անխուսափելի կդառնան:

-Հաստիքների կրճատում միանշանակ կլինի, որովհետեւ մեկը մյուսի հետ սերտ կապակցված է եւ բուհի բյուջեի մոտ 75 %-ը գոյանում է վճարովի համակարգում սովորողների վարձավճարից: Այս փուլում լուծումը տեսնում եմ տարվա ընթացքում բուհը ներկայացնելու իրազեկման ճիշտ քաղաքականություն վարելու մեջ: Տարվա ընթացքում տարբեր շրջայցեր ենք իրականացնում թե Երեւանի, թե մարզերի դպրոցներ՝ մեր ապագա դիմորդներին ծանոթացնելու կրթական ծրագրերին, բուհում կատարվող բարեփոխման աշխատանքներին, ընդունելության քննություններում իրականացվող փոփոխություններին, շուկայում մեր շրջանավարտների զբաղեցրած տեղին: Սա բերում է բուհի հեղինակության բարձրացման, որն էլ ուղիղ կապ ունի մեր դիմորդների քանակի հետ:

Դավիթ Խիթարյանը եւս մեկ անգամ ապագա դիմորդներին հիշեցրեց, որ այս տարի առաջին անգամ ընդունելություն է կազմակերպվելու բուհի նորաստեղծ հենակետային քոլեջում եւ ընդգծեց, որ ինստիտուտում ուսումնառության որակը բարձրացնելու նպատակով այժմ իրականացվում են նյութատեխնիկական բազայի հարստացման մեծածավալ աշխատանքներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031