Umba.am. Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը, ստեղծված մարտահրավերները, բարեփոխումների շրջանակներում իրականացվող քայլերը, գործարարության առջև ծառացած խնդիրներն էին ներառված Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության նախագահության՝ հուլիսի 12-ին կայացած նիստի օրակարգում։ «Աշխարհաքաղաքական և տնտեսական ներկա իրողությունները նոր մարտահրավերներ ու հնարավորություններ են ստեղծել մեր տնտեսության համար, և այս տուրբուլենտ շրջանում գործարարներն իրենց խոսքն ունեն ասելու»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Նիստի մասնակիցները, մասնավորապես, անդրադարձան այնպիսի հրատապ հարցերի, ինչպիսիք էին ֆինանսաբանկային համակարգում ստեղծված իրավիճակը, բեռնափոխադրումների ու լոգիստիկ, գյուղմթերքների մթերման, գյուղատնտեսական հողերի խոշորացման, տնտեսական օրենսդրությանն առնչվող խնդիրները։
Նշվեց, որ մի շարք գործոններով պայմանավորված` ազգային դրամի արժևորումը էապես խոչընդոտում է հայրենական ապրանքների արտահանմանը։ Այն զգալի հարված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար, որոնց շրջանառության գերակշիռ մասն իրականացվում է արտարժույթով։ Էապես տուժում են նաև արտաքին տրանսֆերներից օգտվողները։ Առկա կացությունը վերլուծելու, խնդիրները խորքային քննարկելու և համարժեք քայլեր մշակելու նպատակով որոշվեց անցկացնել կլոր սեղան` բաց քննարկման հարվիրելով ֆինանսաբանկային ոլորտի պատասխանատուների, փորձագետների, գործարարների։
Հայաստանյան արտադրանքի արտահանման լուրջ խոչընդոտ է բեռնափոխադրումների խնդիրը, որը պայմանավորված է ինչպես Լարսի անցակետի ծանրաբեռնվածությամբ ու առաջացած խցանումներով, այնպես էլ ծովային բեռնափոխադրումերում ստեղծված դժվարություններով։ Իրեն զգացնել է տալիս նաև հանրապետությունում առկա բեռնափոխադրող ավտոմեքենաների ոչ բավարար քանակությունը։ Արդյունքում դժվարացել են ինչպես գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացը, այնպես էլ արտաքին գործընկերների առջև ստանձնած պարտավորությունների կատարումն ու պայմանավորված ժամկետներում առաքումների ապահովումը։ Առաջարկվեց ՀԱԳՄ հարթակը և մասնագիտական կարողություններն օգտագործելով, քննարկումներ կազմակերպել՝ հիմնախնդրի հաղթահարման ուղիներ գտնելու համար։
Կարդացեք նաև
«Պետք է ակտիվացնել գործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով՝ թե պետական պատկան մարմինների, թե տնտեսվարող և հանրային շրջանակների հետ՝ տնտեսության կայունացման ու առաջմղման խոչընդոտներն ու նպաստող գործոնները բացահայտելու և լուծումներ մշակելու համար»,- ասաց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։
Նիստում քննարկվեց ու հաստատվեց հարցերի այն շրջանակը, որոնք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կներկայացնի ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի նորանշանակ անդամ (նախարար) Բակիտժան Սագինտաևի հետ առաջիկայում կայանալիք աշխատանքային հանդիպման ժամանակ։
Լսվեց նաև հաշվետվություն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ՀԱԳՄ կատարած աշխատանքների վերաբերյալ։