Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը՝ մասնավոր անձին հինգ միլիարդ դրամով վաճառվելուց հետո։ Հիշեցնենք․ «Գոլդեն փելեսը» կառուցել էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, ով 2018-ի իշխանափոխությունից հետո այն «ինքնակամ» նվիրեց պետությանը, որպեսզի ազատվի քրեական հետապնդումից։
Պետությունն էլ մինչեւ վերջերս չէր կարողանում աճուրդով վաճառել այն, մի քանի անգամ աճուրդը չկայացավ, մինչեւ գտնվեց Նարեկ Նալբանդյան անունով գնորդը, ու գործարքը կայացավ։ Հյուրանոցը վաճառվեց Նարեկ Նալբանդյանին «ապառիկ», այսինքն՝ 5 տարվա ընթացքում մաս-մաս վճարման տարբերակով
– Սա մեր երկրի պատմության մեջ կարծես առաջին դեպքն է, երբ մասնավորից տարածք է վերցվում, մասնավորեցվում է, եւ այդ տարածքը հետո պետությունը չի կարողանում կառավարել։ Հիմա, այս դեպքում իմաստը ո՞րն էր՝ հետհեղափոխական ալիքի տակ ինչ-որ մեկից ինչ-որ հանգամանքներում վերցնել կամ խլել տարածք, դարձնել պետական գույք եւ դրա ձեռքը կրակն ընկնել՝ չկարողանալով այդ տարածքը նորմալ շահագործել։
– Իհարկե, եթե ես չեմ սխալվում, էդ տարածքը ո՛չ խլվել է, ո՛չ էլ վերցվել է ինչ-որ մեկից, այլ նվիրաբերվել է պետությանը կոնկրետ սեփականատիրոջ կողմից։
Կարդացեք նաև
– Կարծում եք՝ իշխանության բարի կամ սիրուն աչքերի՞ համար է Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցը նվիրել պետությանը։
– Հնարավոր է՝ բարի աչքերի համար․․․ (ծիծաղում է՝ խմբ․)։
– Կարծում եք՝ այդչափ տպավորվա՞ծ էր Նիկոլ Փաշինյանի «գեղեցիկ» աչքերով։
– Ամեն դեպքում, գործարքը նվիրաբերության գործարք է եղել պետությանը, եւ որոշման հիմքերը, իհարկե, ես չեմ կարող ներկայացնել, որովհետեւ դա, ըստ երեւույթին, որոշակի իրավական պրոցեսի արդյունքում է եղել, բայց, ամեն դեպքում, պետությունը նման օբյեկտներ կառավարելու խնդիր չունի։ Այսինքն՝ մենք կարծում ենք, որ նման գույքերը, որոնք ոչ պրոֆիլային են, այսինքն՝ պետական գործառույթների իրականացման նպատակով անհրաժեշտ չեն, դրանք պետք է փոխանցվեն մասնավոր սեկտորին՝ համապատասխան մրցութային գործընթացների արդյունքում, որպեսզի հետո այնտեղ իրականացվեն նոր ներդրումներ։ Եվ ինչու է աճուրդի կամ մրցույթի օտարման գործընթացը ձգձգվել մի փոքր․ դա ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ գույքի մեծ արժեքը, նաեւ՝ որոշակի խնդիրներ էդ շրջանում՝ ներդրումային միջավայրի հետ կապված, կորոնավիրուսի համավարակ, պատերազմ եւ այլն։
– Իսկ նոր նվիրատուներ չկա՞ն, որոնք կառավարության «սիրուն աչքերի» համար պատրաստ են գույք նվիրաբերել պետությանը։
– Նոր նվիրատուներ չկան, կա ապօրինի գույքի բռնագանձման գործընթաց, որի արդյունքում բազմաթիվ հայցեր են ներկայացվել դատարան՝ դատախազության կողմից, եւ էդ գործընթացի արդյունքում, իհարկե, ակնկալում ենք նոր գույքերի վերադարձվելիություն։
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում