Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լուրջ վերաբերմունք այս կրկեսին՝ հնարավոր չէ ունենալ»

Հուլիս 15,2022 15:30

«Որեւէ լուրջ վերաբերմունք այս կրկեսին, հնարավոր չէ ունենալ եւ սա չի կարող շեղել մեզ՝ հիմնականից, իսկ մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ իշխանափոխությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

– Իշխանությունը որոշեց «պատժել» ընդդիմությանը եւ մանդատներից զրկելու գործընթաց է սկսել. տպավորություն է, որ ուժերը չափելու փուլ ենք մտել՝ ընդդիմությունը չկարողացավ հեռացնել իշխանությանը, իշխանությունն է հեռացնում ընդդիմությանը: Ինչպե՞ս կբնութագրեք այս առումով այժմ տեղի ունեցողը:

– Գործընթացը, որը սկսել է իշխանական խունտան, այլ կերպ, քան խայտառակություն, բնորոշել հնարավոր չէ: Այդ գործընթացին մենք վերաբերվում ենք ժպիտով, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիրը» չէ, որ մեզ մանդատ է տվել, մեզ մանդատ տվել է հայ ժողովուրդը եւ ՔՊ-ն չի, որ պետք է վերցնի այդ մանդատը, խլի այն կամ մեզ հեռացնի: Որեւէ լուրջ վերաբերմունք այս կրկեսին՝ հնարավոր չէ ունենալ եւ սա չի կարող շեղել մեզ՝ հիմնականից, իսկ մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ իշխանափոխությունը:

– Իսկ բացառություններ Իշխան Զաքարյանի եւ Թագուհի Թովմասյանի մասով ի՞նչ կասեք:

– Իշխան Զաքարյանի եւ Թագուհի Թովմասյանի դեպքը ես նույն համատեքստում չէի դիտարկի: Իսկ դրա հետ կապված՝ ասելիք չունեմ. գործընթացն իշխանական խմբակցությունն է նախաձեռնել, իրենք պետք է բացատրություններ տան, թե ո՞վ կա ցուցակում, ո՞վ չկա եւ ինչո՞ւ:

– Կմասնավորեցնե՞ք՝ ինչո՞ւ տարբեր հարթություններում դիտարկել եւ արդյո՞ք «Պատիվ ունեմ» խմբակցությունն օգտագործելու է Թագուհի Թովմասյանին ետ կանչելու հնարավորությունը, քանի որ հանձնաժողովի նախագահի այդ տեղը «Հայաստան» խմբակցությանն էր պատկանում եւ «Պատիվ ունեմ»-ին փոխանցվեց փոխհամաձայնության արդյունքում:

– Իրավական տեսանյունից, այո, տեղն ամրագրվում է խմբակցությանը եւ եթե Թագուհի Թովմասյանը խմբակցությունից հեռացվի՝ կորցնելու է նախագահությունը: Բայց՝ Թագուհի Թովմասյանի հայտարարությանը ես ավելացնելու ոչինչ չունեմ, երկրորդ՝ անձնական կարծիքս այդ հարցի շուրջ չեմ հայտնում: Թագուհի Թովմասյանն անկուսակցական է եւ ըստ սահմանման, չի կարող ենթարկվել կուսակցական կարգապահության: ՀՀԿ-ն առաջին հերթին պատասխանատվություն է կրում իր կուսակցական չորս պատգամավորների համար. հուսամ, որ մենք երբեւէ ամաչելու կամ կարմրելու առիթ չենք տվել հարազատ կուսակցության ներկայացուցիչներին, այս վերջին մեկ տարվա ընթացքում:

Իսկ ինչ վերաբերում է բուն հարցին՝ չեմ կարծում, որ Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահ մնալ-չմնալու հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի այնքան կարեւորագույն խնդիր է, որ ամբողջ ընդդիմությամբ պետք է բանուգործներս թողնենք եւ զբաղվենք Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությամբ: Ես կարծում եմ՝ մենք շատ ավելի գործեր ունենք անելու:

– Ենթադրաբար, իշխանությունը ՍԴ-ում կհասնի իր նպատակին եւ ընդդիմադիր պատգամավորները կզրկվեն մանդատներից, ի՞նչ իրավական եւ քաղաքական հետեւանքներ կլինեն:

– Չէի ցանկանա «եթե»-ով հարցերի պատասխանել. ընդդիմությունն ունի հակազդեցության եւ արձագանքի սցենարներ՝ բոլոր տարբերակներով իրադարձությունների զարգացման համար:

– Եթե ստացվի այնպես, որ ընդդիմադիրների ցուցակների հետագա համարները զբաղեցնողները գայթակղվեն եւ որոշեն վերցնեն մանդատները՝ համալրելով Իշխան Զաքարյանի եւ Թագուհի Թովմասյանի շարքերը, ի՞նչ լծակներ կան նրանց վրա ազդելու:

– Նորից ասեմ՝ ժամանակավրեպ եմ համարում այսպիսի քննարկումները, քանի դեռ պարզ չեն իշխանությունների հստակ քայլերը: Եվ կրկնեմ՝ Իշխան Զաքարյանին եւ Թագուհի Թովմասյանին նույն հարթությունում չէի դիտարկի:

– Ընդդիմությունն իր հերթին նախատեսում էր Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ սկսելու գործընթաց. ստեղծված իրավիճակը կխթանի՞ գործընթացը, ընդդիմությունն առավել արագ կսկսի՞ գործել, փողոցային հավաքները նորից կվերսկսվե՞ն:

– Փողոցային հավաքները չեն էլ դադարել, դրանք հիմա էլ են շարունակվում եւ ինչպես հայտարարել է Իշխան Սաղաթելյանը, առկա է հստակ պլան՝ աշնանը գործողություններ իրականացնելու:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ԱԺ խորհրդի նիստից հետո, պարզ դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու միջնորդությամբ իշխող ուժը ՍԴ չի դիմելու:

«Առավոտ» օրաթերթ
15.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031