Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային ճամփորդություն

Հուլիս 15,2022 09:30

«TV ալիք» շաբաթաթերթ․ Ինքնաթիռով, նավով, ավտոմեքենայով, ավտոբուսով ճամփորդել. ահա այն, ինչին սպասում ենք ամբողջ տարին: Սակայն կան մարդիկ, որոնց համար ճամփորդությունը դառնում է ծանր փորձություն: Ցանկացած փոխադրամիջոցում այդ մարդիկ վատ են զգում, օրորվում են, ունենում են գլխապտույտ, սրտխառնոց, խշշոց ականջներում: Սակայն այդ պատճառներով չարժե հրաժարվել ճամփորդությունից: Պարզապես գիտենանք, թե ինչ կարող ենք անել:

Սկզբում հասկանանք, թե ինչու են առաջանում այդ տհաճ զգացողությունները: Օրորվելու, ճոճվելու զգացողությունը, ինչպիսի փոխադրամիջոցում էլ լինի, անվանում են ծովային հիվանդություն: Ըստ երեւույթին ծովում ճոճվելու զգացողությունն առավել նկատելի է: Իրականում օրորվելու եւ մյուս տհաճ զգացողությունների պատճառը օրգանիզմի հավասարակշռության ապարատի գերգրգռումն է, որը գտնվում է մեր միջին ականջում: Այդ նուրբ սարքը կապված է մեր աչքերի եւ ներքին օրգանների հետ: Երբ շրջապատող իրերն անընդհատ տատանվում են մեր աչքի առջեւ, ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, առատ թքարտադրություն, սրտխառնոց: Եվ առավել շատ մտահոգություն է պատճառում բազմակի փսխումը, որից հետո վիճակի թեթեւացում չի նկատվում:

Օրորվելուց խուսափելու միջոցներ

Մինչեւ ճամփորդության մեկնելը

v Նախօրեին աշխատեք լավ քնել:

v Սոված փորով ճամփա մի ընկեք: Մեկնելուց 1,5-2 ժամ առաջ սնվեք, սնունդը պետք է լինի թեթեւ: Մի օգտագործեք յուղոտ եւ ապխտած սնունդ, կաթնամթերք, գազավորված ըմպելիքներ:

v Խուսափեք ծխելուց եւ սպիրտային խմիչքներից: Դրանք միայն խորացնում են հավասարակշռության խանգարումները:

v Մի օգտագործեք սուր հոտով օծանելիք, հոտերը կարող են սադրել սրտխառնոցի եւ գլխացավի նոպաներ:

v Նախօրոք մարզեք ձեր հավասարակշռության ապարատը, որ ճանապարհի ծանրաբեռնվածությանը դիմանաք: Մարզումները ցանկալի է սկսել մեկնելուց 2-3 շաբաթ առաջ: Դրանք սովորական ֆիզիկական վարժություններ են: Օրինակ.

– իրանի թեքումներ առաջ եւ կողք (աշխատեք ականջով հպվել ուսին),

– գլխով սահուն շարժումներ ժամացույցի սլաքի եւ հակառակ ուղղությամբ:

– փորի վրա պառկել բազմոցին, գլուխը եւ պարանոցը կախել ցած՝ ձգելով կզակը:

v Հաճախեք լողավազան, սովորական լողը զուգակցելով իրանն աջ ու ձախ պտտելուն:

v Մեկնելուց 1-2 շաբաթ առաջ կարող եք օգտագործել էլեուտերոկոկի էքստրակտ 30 կաթիլից, օրը 2-3 անգամ:

Ճամփորդության ժամանակ

v Գլուխը ետ դրած նստեք, նստարանն առավելագույնս ետ տվեք: Ցամաքային տրանսպորտով երթեւեկելիս ցանկալի է նստել դեմքով շարժման ուղղությամբ: Նախընտրելի է առջեւի նստարանին նստելը: Շարժման ժամանակ ընթերցանությամբ մի զբաղվեք: Աշխատեք հայացքը կենտրոնացնել հեռվում գտնվող իրերի եւ առարկաների վրա, վայելեք բնության գեղեցկությունը, լսեք երաժշտություն: Ճանապարհն ավելի թեթեւ կտանեք, եթե հնարավորություն կա պառկելու, իսկ ավելի հեշտ կլինի փակել աչքերը եւ փորձել քնել:

v Խուսափեք տոթ սենյակներից՝ միացրեք օդորակիչներ, բացեք պատուհանները: Ճանապարհի համար ընտրեք լայն եւ թեթեւ հագուստ այնպես, որ չխանգարի ձեր շարժումներին:

v Հետեւեք շնչառությանը, որը պետք է լինի խորը եւ հավասարաչափ:

v Եթե մարդաշատ փոխադրամիջոցում եք, ապա ուղեւորներին խնդրեք, որ սննդի ընդունումը կազմակերպեն կանգառի ժամանակ, քանի որ ուտելիքի հոտն ուժեղացնում է օրգանիզմի ինքնազգացողության վատացումը եւ ճոճվելու հավանականությունը:

v Ձեզ հետ վերցրեք կիտրոն: Երբ զգաք, որ վատանում եք, կիտրոնի շերտը դրեք բերանում եւ դանդաղ ծծեք: Որոշ մարդկանց, օրինակ, օգնում են մաստակը, անանուխի համով կարամելները, վալիդոլը, կոճապղպեղով թեյը կամ կոճապղպեղով թխվածքաբլիթները: Աշխատեք խմել սառը ջուր:

v Վիճակը կարող է թեթեւացնել օրգանիզմում հատուկ կետերի մերսումը: Մատներով մերսեք ականջի բլթակը: Մյուս կետը գտնվում է դաստակի մեջտեղում՝ դաստակը ափից բաժանող ծալքից 3 մատ հեռավորության վրա:

v Եթե այս միջոցները չեն օգնում, կարող եք օգտվել վեստիբուլյար ապարատի զգայունությունը թուլացնող դեղամիջոցներից, որոնք պետք է ընդունել ճանապարհվելուց 30 րոպե առաջ:

v Երբ զգաք վիճակի վատացում, թաց սրբիչով շփեք քունքերը եւ ճակատը:

v Ցանկալի չէ ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքների օգտագործումը մեկնելուց առաջ, փոխարենը խորհուրդ է տրվում օգտագործել տաք թեյ:

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը լույս է տեսել «TV ալիք» շաբաթաթերթի 29-րդ համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031