«Մանուկյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ պաշտոնական էջում դեռ հայերեն թարգմանությունը չկա, չնայած որոշումը կայացվել է այս տարվա հունիսի 22-ին (հունիսի 24-ին՝ ընդդեմ ՀՀ-ի, ՄԻԵԴ-ը երեք վճիռ է կայացրել, որոնք նույնպես թարգմանված չեն, եւ ստացվում է, որ գնահատողական մասը այդպես էլ մնում է չլուսաբանված, տեղեկացվում է միայն արդյունքը կամ փոխհատուցման չափը:
Մենք լուսաբանեցինք Հարություն Սարիբեկյանի որոշումը, սպասում ենք պաշտոնական՝ Արթուր Վարդանյանի եւ Խաչիկ Ավետիսյանի որոշումների թարգմանությանը-Ռ.Մ.): Փորձենք «թարգմանել» ՄԻԵԴ-ում ավարտված «Մանուկյանն ընդդեմ Հայաստանի» գործից որոշ մանրամասներ:
Դիմումատուն 19 տարեկանում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահացած Ս. Մանուկյանի մայրն է: Ըստ ՄԻԵԴ որոշման նկարագրական հատվածի՝ 2009 թվականի նոյեմբերի 10-ին, երբ Ս. Մանուկյանը հերթապահել է պահակակետում, վիճաբանություն է սկսվել նրա եւ հրամանատար, դասակի պետ-լեյտենանտ Վ. Գ.-ի միջեւ, երբ վերջինս վիրավորել եւ բռունցքով հարվածել է Ս. Մանուկյանին մի քանի անգամ։ Նույն օրը ավելի ուշ, բռունցքով Ս. Մանուկյանի դեմքին է հարվածել զորամասի հրամանատար Գ. Ա.-ն, քանի որ զինվորը ուշացել էր Գ.Ա.-ի առաջ դարպասը բացել:
Վեճից մոտ տասը րոպե անց Ս. Մանուկյանին գտել են գլխից վիրավոր՝ հրազենից մահացած: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով (ինքնասպանության դրդում): Ըստ նախաքննության, Ս. Մանուկյանը ինքնասպան է եղել՝ օգտագործելով ծառայողական զենքը։ Արձանագրվել էր, որ 2009թ. մայիսի 14-ին Ս. Մանուկյանն արդեն փորձել էր ինքնասպան լինել այն բանից հետո, երբ Վ.Գ.-ն նվաստացրել, բանավոր վիրավորել եւ բռունցքներով հարվածներ է հասցրել նրան։ Վ.Գ.-ն այնուհետեւ հրամայել էր մյուս զինվորներին ոչ մեկին չպատմել կատարվածի մասին: Դեպքի մասին իմացել է տանկային վաշտի հրամանատար, կապիտան Մ.Ս.-ն, բայց չի հայտնել այդ մասին: 2010 թվականի ապրիլին Վ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նաեւ՝ մեկ այլ զինվորի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար:
Կարդացեք նաև
Պաշտոնական Հայաստանը ՄԻԵԴ էր ուղարկել իր պատասխանը, համաձայն որի՝ Գ. Ա.-ն գրավի դիմաց ազատ է արձակվել, ապա՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հետագայում քննիչի որոշմամբ կասեցվել է Գ. Ա.-ի ծառայությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նա «օգտագործել էր իր պաշտոնեական լիազորությունները՝ մասնակիցների վրա անհարկի ազդեցություն գործադրելու համար»:
Հուլիսին սկսված դատաքննության ընթացքում դիմումատուն 2010թ. մի քանի հարցումներ է ներկայացրել՝ Գ.Ա.-ի կալանավորվելու վերաբերյալ:
Ի վերջո Սյունիքի մարզի դատարանը Գ. Ա.-ին 2010 թվականի դեկտեմբերի 3-ին կալանավորել է։ 2010 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով մարզի դատարանը հաստատել է, որ մեղադրյալներ Վ.Գ.-ն, Մ.Ս.-ն եւ Գ.Ա.-ն մեղավոր են, եւ նրանց դատապարտել ազատազրկման վեց եւ յոթ տարի ժամկետով: Մ.Ս.-ն ազատվել է պատժի կրումից Համաներման կիրառումից հետո։ ՄԻԵԴ -ը նշում է, որ այս բողոքն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով: Կիրառելի ընդհանուր սկզբունքները ամփոփված են Վերին Պալատի վճռում՝ «Մուստաֆա Թունչը եւ Ֆեչիրե Թունչն ընդդեմ Թուրքիայի» գործով:
ՄԻԵԴ-ը հղում էր կատարել նախադեպային որոշումներից «Մալիկ Բաբաեւն ընդդեմ Ադրբեջանի», «Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի», «Աբդուլլահ Յլմազն ընդդեմ Թուրքայի» գործերով կայացրած որոշումներին: Ըստ ՄԻԵԴ-ի. «Իշխանությունները արագ հետաքննություն են անցկացրել», իսկ «հիերարխիկ զինվորական հսկիչներից մեկը համաներում է ստացել», «Հետաքննությունը չի կարողացել պարզել Ս. Մանուկյանի մահվան հանգամանքները: Պատշաճ բացատրություն չկար ստացված մի քանի այլ վնասվածքների հետ կապված (բացի հրազենային վնասվածքից), որը հայտնաբերվել էր դիահերձման ժամանակ։ Քննիչը հարցաքննել է, դատաբժշկական փորձագետը միայն կզակի վնասվածքի առնչությամբ եզրակացրել է, որ այն պատճառել է Գ. Ա.-ն, երբ բռունցքով հարվածել է Ս. Մանուկյանին, մինչդեռ փորձագետը պարզապես չէր բացառել, որ դա այդպես է եղել: Թեեւ քննությունը եզրակացրել է, որ Ս. Մանուկյանը ինքնասպանություն է գործել ծառայողական զենքի միջոցով (ատրճանակ է անգլերենով-Ռ.Մ.), նրա մատնահետքերը զենքի վրա չեն հայտնաբերվել»:
Դիմումատուն պահանջել է 50,000 եվրո ոչ նյութական վնաս եւ 2900 եվրո՝ ծախսերի եւ ծախսերի գծով կատարված դատարանի առջեւ։
Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջները: Անգլերենով որոշումը գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 21-ին:
Դատարանը, հաշվի առնելով իր մոտ եղած ապացույցները, գտնում է, որ խելամիտ է 2000 եվրո հատկացնել նախկինում վարույթի ծախսերը ծածկելու համար, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դիմումատուից:
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2022