Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջ Նազարը հայկական «թրիքսթերն» է

Հուլիս 15,2022 10:00

Թրիքսթերը (trickster) դիցաբանության, ֆոլկլորի, գրականության հերոս է, որը կարող է լինել աստված, կիսաստված, մարդ կամ մարդանման մի էակ, որը տարբերվում է այլ մարդկանցից ինչ-որ արտասովոր ունակություններով, գուցե «գաղտնի գիտելիքներով», եւ որն իր հնարքները (tricks) կիրառում է ընդունված խաղի կանոնները խախտելու եւ անսովոր վարք դրսեւորելու համար: Գրեթե բոլոր ժողովուրդների ֆոլկլորում այդպիսի մի հերոս կա: Նման ֆոլկլորային պերսոնաժներից մեզ համար առավել ճանաչելի են, թերեւս, իտալական Պուլչինելլան կամ ռուսական Իվան Հիմարը:

Բայց որպեսզի ավելի լավ հասկանանք, դիտարկենք հայտնի գրական գլուխգործոցների գլխավոր հերոսներին: Օգտվելով ռուս գրականագետ Դմիտրի Բիկովի դասակարգումից` թվարկեմ գրական «թրիքսթերների» հիմնական հատկանիշները: Վերցնենք Դոն Քիշոտին, Շերլոկ Հոլմսին եւ Օստապ Բենդերին: Երեքն էլ իրենց «կյանքի ուղու» կեսին մահանում են, իսկ հետո՝ վերածնվում: Նրանցից երկուսը ֆիզիկապես, իսկ երրորդը՝ «մտավոր-վիրտուալ» աշխարհում (Հոլմսը) թափառում են: Ինչո՞ւ: Որովհետեւ նույն հնարքը նույն տեղում հնարավոր չէ կրկնել:

Վերոնշյալ «թրիքսթերների» ամենակարեւոր հատկանիշն այն է, որ երեքն էլ ունեն հավատարիմ ընկերներ, որոնք նրանցից զգալիորեն հիմար են, եւ նրանց գլխավոր հերոսները պարբերաբար խելք են սովորեցնում: Ինչի՞ համար են պետք Սանչո Պանսան, դոկտոր Ուաթսոնը եւ Շուրա Բալագանովը: Ո՞ւմ են նրանք մարմնավորում: Ինձ թվում է, նրանք մարմնավորում են մեզ՝ ընթերցողներիս: Չէ՞ որ մենք էլ չգիտենք, թե ինչ հնարքի է դիմելու գլխավոր հերոսը, ինչի է դա հանգեցնելու: Նրանց «զինակիրներն» այն անտեղյակ զանգվածն է, որը ոչ այնքան խելամիտ հարցեր է տալիս, եւ ձեռնածությունը բացահայտվում է «զինակիրների» եւ գլխավոր հերոսների երկխոսության միջոցով:

Հիմա փորձենք պատասխանել հետեւյալ հարցին՝ իսկ ո՞վ է հայկական «թրիքսթերը»: Պարզ է, որ Սասունցի Դավիթը չէ՝ «թրիքսթերի» արկածները չեն կարող 100 տոկոսով լուրջ լինել՝ այդ պատմություններում պարտադիր պետք է լինի ժանրի նմանակման (պարոդիայի), հեգնանքի, երգիծանքի տարրեր: Մեր «թրիքսթերը», կարծում եմ, Քաջ Նազարն է: Նա էլ է ճամփա ընկնում, տարբեր արկածների հանդիպում (դարձյալ ասպետական վեպի նմանակում) եւ իր ցանկացած ձախողման համար կարողանում է գտնել այնպիսի մեկնաբանություն, որ ամեն ինչ բավականին «հերոսական» է երեւում: Իսկ ո՞ւր է մեր Քաջ Նազարի հավատարիմ, բայց ոչ խելացի «զինակիրը»: Ինձ թվում է, քանի որ մենք փոքրաթիվ ազգ ենք, երկու հատկություններն էլ՝ «գաղտնի գիտելիքը» եւ դրա վերաբերյալ միամիտ տարակուսանքն ամփոփված է մեկ հերոսի մեջ:

Դերենիկ Դեմիրճյանի պիեսում Քաջ Նազարի կինը՝ Ուստիանը վերջում «ջրի երես է հանում» գլխավոր հերոսին: Բայց դա, ինձ թվում է, խորհրդային «բարոյախրատական» վերջաբան է: Թումանյանի մոտ ամեն ինչ շատ ավելի բնական է, եւ ցույց է տալիս, որ Քաջ Նազարն այնքան էլ հիմար չէ: «Ասում են, մինչեւ էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է. «Ի՛նչ քաջություն, ի՛նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Թող ներվի իմ սխալ սիրողական մեկնաբանությունը, անճարն ու հանճարը իմ կարծիքով մի արմատ ունեն, դա անճարն է: Անճար մարդս, ով բողոքել չգիտի’ հիշենք մեր Քեֆ անողին քեֆ չի պակսիլ, նույն մեր Քաջ Նազարն էլ թումանյանական վերջաբանով, սրանք են մեր իսկական հերոսները, Արարիչը հենց անբողոք անճարներին է սիրում եւ օգնում եւ նրանք անճարից աստվածային ամենազոր շնորհք ստանալով հանճար են դառնում, իսկ ովքեր իրենց անճարությունից բողոքում են, դրանք անհավատ մանր անաստված մարդիկ են եւ բնական է ոչ մի հրաշք նրանց հետ չի կատարվում: Անբողոք անճարի վերջը հանճարն է:

  2. Aha says:

    Nazar is a classic of Armenian literature and for me it is evident that a very popular and prolific Armenian leader today is almost a copy of the Nazar character. I would simply add that it is crucial to not forget the other heroic trickster in our literature, Yervand Odian’s Panjuni. Only then we are thus truly able to understand the 2 great writers (Tumanyan and Odian) whose respective work was almost prophetic with regard to the great leader we have today 😉

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031