Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայքլ Գուրջյանի «Ամերիկացին» չտպավորեց

Հուլիս 15,2022 13:30

Ռեժիսոր եւ սցենարիստ Գուրջյանը զիջում էր դերասան Գուրջյանին

19-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց ամերիկահայ սցենարիստ, ռեժիսոր եւ դերասան Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով: Դա նաեւ այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան էր: Ռեժիսորը մեկ հերոսի ճակատագիրը ներկայացնելով՝ փորձ է արել անդրադառնալ 1940-ականների վերջին՝ արտասահմանից Խորհրդային Հայաստան ներգաղթածներին պատուհասած դառնություններին: Ֆիլմի գլխավոր հերոսը Հայոց ցեղասպանությունից փրկված եւ ԱՄՆ-ում ապաստանած Չարլին է, որը հետագայում՝ 1947 թ. մեծ հույսերով ու ոգեւորությամբ վերադառնում է Խորհրդային Հայաստան, սակայն ձերբակալվում ու բանտարկվում է՝ որպես ամերիկյան գործակալ:
Գյուրջյանը ֆիլմը նկարել է Հայաստանում, հայ դերասանների հետ, անկեղծորեն ցանկացել է ստանալ հայկական պատմություն, որը միաժամանակ համամարդկային լինի, բայց կարծես չի հաջողել՝ չնայած նրա ազնիվ մղումներին:


Գուրջյանը նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, «Էմմիի» արժանացել, նա հրաշալի է մարմնավորել «Ամերիկացի» ֆիլմի գլխավոր հերոսին, այդ ֆիլմում տպավորիչ է որոշ դերասանների խաղը նույնպես, բայց մի բան փաստ է, նման թույլ սցենարով հնարավոր չէր ուժեղ ֆիլմ ստանալ: «Ամերիկացին» ասես հնդկական ֆիլմ լինի՝ ավելորդ հուզականությամբ: Նաեւ չպատճառաբանված լեցուն է բազմաթիվ՝ միմյանց հետ բնավ կապ չունեցող հայկական երգերով: 125 րոպեանոց ֆիլմը դիտում ես ու սպասում, թե երբ է վերջապես ինչ-որ բան լինելու, սակայն այդպես էլ որեւէ զարգացում չի լինում, ընդամենը ծամծմված ասելիք, փոքր ազգերին բնորոշ «լոպազություն»՝ «Բա գիտե՞ս, դոլարի կանաչ գույնը հայ ա ստեղծել» եւ այլ թվարկումներ:

Հավելենք, որ ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը։ Սցենարի հեղինակը Մայքլ Գուրջյանն է։ Օպերատորը՝ Գասեմ Էբրահիմյանը, երաժշտությունը Անդրանիկ Բերբերյանինն է։ Դերերում Մայքլ Գուրջյանից բացի, նկարահանվել են Հովիկ Կեուչկերյանը, Նելլի Ուվարովան, Միխայիլ Տրուխին։ Ստացված էին հրաշալի դերասանուհիներ Մայրանուշ Գրիգորյանի եւ Կարինե Ջանջուղազյանի կերպարները եւ խաղը: Նրանք փաստեցին, որ դերերը մեծ ու փոքր չեն լինում, եւ կարելի է փայլել անգամ փոքր դրվագում:

Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ բանտի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի պատճառով, ու ինքը կարող է իր խցի նեղլիկ պատուհանից հետեւել դիմացի շենքի բնակարաններից մեկում ապրող ամուսնական զույգին՝ Տիգրանին ու Ռուզանին: Նրանք դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Բանտախցում նա ճաշում, ուրախանում, երգում, խմում ու տխրում է՝ այդ զույգին հետեւելով: Պատուհանից ուրիշների կյանքի մեջ ակամա «խցկվելու» գաղափարը ֆիլմի հեղինակներն ասես «թխած» լինեն Ալֆրեդ Հիչքոքի «Պատուհան դեպի բակ» հայտնի ֆիլմից: Հիչքոքի հերոսն էլ է «բանտարկված», բայց Գրինվիչ Վիլլիջի տներից մեկում, ոչ թե բանտախցում, քանի որ ոտքը կոտրված է ու գիպսի մեջ։ Նա էլ է իր պատուհանից հետեւում մի զույգի, այնուհետեւ ակամա պարզում, որ բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: Գուրջյանի ֆիլմում հերոսի բանտախցի դիմացի տներում ոչ ոք չի սպանվում, բայց այս պարագայում էլ սպառվում է ֆիլմը դիտողի համբերությունը: Իհարկե, կլինեն շատերը, որոնց «Ամերիկացին» դուր կգա հուզառատության հաշվին, կամ գուցե զուգահեռներ կտարվեն իրենց նախնիների ճակատագրերի հետ, չի բացառվում նաեւ, որ կհավանեն այնտեղ հնչող Գորանի երգը, որը Չարլին հիշում էր մանկությունից: Ամեն դեպքում, ֆիլմն ինձ չգրավեց, եւ սա իմ սուբյեկտիվ ընկալումն ու կարծիքն է՝ որպես այդ նյութի սպառող. ռեժիսոր եւ սցենարիստ Գուրջյանը զիջում էր դերասան Գուրջյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Հայաստանի
ազգային կինոկենտրոնի կայքից

«Առավոտ» օրաթերթ
14.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Երկու ցուցադրությունների ընթացքում դահլիճը ֆիլմի ընթացքում պարբերաբար ծափահարում էր, հանդիսատեսները սրբում էին արցունքները, վերջում հոտնկայս ծափահարությունն ու օվացիաներ էին… ճիշտ է, չտպավորեց։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031