Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ նոր գիրք` «Հուշարձանների պահպանության հարցերը Թալինի շրջանային թերթերում»

Հուլիս 15,2022 13:00

Համլետ Թադեւոսյանի մեկենասությամբ տպագրվել է Արմեն Ասատրյանի «Հուշարձանների պահպանության հարցերը Թալինի շրջանային թերթերում» գիրքը, որտեղ ընդգրկված են Թալինի շրջանային թերթում 1965-2018 թթ. տպագրված պատմաճարտարապետական հուշարձաններին եւ դրանց պահպանությանը նվիրված հոդվածները` ընդարձակ ներածականով:

«Թալինի տարածաշրջանը, որը պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մի մասն է, հարուստ է բազմապիսի ու բազմաբնույթ հնագիտական եւ պատմաճարտարապետական հուշարձաններով: Դրանք սփռված են գրեթե ամբողջ տարածքում եւ դեռեւս լուրջ ուսումնասիրության ու խնամքի կարոտ են: Հին բնակատեղիների ու դամբարանադաշտերի հետքերը հատկապես նկատելի են Արագածի նախալեռնային հատվածներում, որտեղ խորխորատներն ու ժայռածերպերը կազմավորել են մարդկային բնօրրաններից մեկը: Հազարամյակներ շարունակ մարդն այստեղ դաժան պայքար է մղել գոյատեւման համար, կառուցել կացարաններ, ամրակուռ ամրոցներ ու արարել գալիքը:

Գառնահովիտի Սուրբ Գեւորգ եկեղեցին

Դեռ անհիշելի ժամանակներից Արագածը պատսպարել ու սնուցել է մարդկանց: Նրա լեռնալանջերին՝ Ախուրյան գետից մինչեւ Քասախ գետը, կառուցվել է հզոր ամրոցների մի ամրակուռ համակարգ՝ իր աշտարակատիպ շինություններով ու արբանյակ դիտակետերով, որն Արարատյան դաշտը պաշտպանող մի ուրույն զրահագիծ էր, Փավստոս Բուզանդի խոսքով՝ «ամրությունների աշխարհ»: Եվ պատահական չէ, որ այստեղ էին տեղակայված արքունի ամրոց-զորակայանները, ձմեռանոցները եւ այլն»,-նշված է գրքի ներածության մեջ:

Անդրադարձ կա Թալինի տարածաշրջանում հնագետների հայտնաբերած հնագույն մշակույթի մնացորդների հետքերին, քարեդարյան կայանների ու բնակատեղիների ուսումնասիրությանը: Գրքում ի թիվս այլնի` նշվում է, որ հատկապես մեծ կարեւորություն է ներկայացնում Արտին լեռան ուսումնասիրումը: Թալինի տարածաշրջանի հուշարձաններին իրենց գրվածքներում անդրադարձել են Հովհաննես եպս. Շահխաթունյանցը, Իվան Շոպենը, Ղեւոնդ Ալիշանը, Կ. Հովհանջանյանը, Գարեգին Հովսեփյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Թորոս Թորամանյանը, Նիկողայոս Մառը, Հովսեփ Օրբելին, Հովսեփ Եղիազարյանը, Յուրի Թամանյանը, Վարազդատ Հարությունյանը եւ այլք:

Գրքում զետեղված են բացառիկ լուսանկարներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031