Ընթացիկ տարին Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, ինչի կապակցությամբ տարբեր ձեւաչափերով մշակութային միջոցառումներ են իրականացվում։ Մտաբերեցինք երջանկահիշատակ անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի՝ 2000-ականներին «Առավոտին» կեսկատակ-կեսլուրջ հայտնած հետեւյալ միտքը. «Եթե չլիներ մշակույթը, ապա փոխանակվող Ռախշայով, Գոնչեով եւ լամպերով հայերն ու իրանցիները այդպես էլ չէին ճանաչի միմյանց։ Դա սկսվեց 1994 թվականից, երբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ կնքվեց մշակույթի, սպորտի, տուրիզմի բնագավառներում համագործակցության պայմանագիր, որով սկիզբ դրվեց արվեստագետների, կոլեկտիվների փոխայցելություններին»։
Վերջերս Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնում տեղի ունեցավ գրող, հրապարակագիր Արտակ Վարդանյանի «Վարդագույն թթենի» պատմվածքների պարսկերեն ժողովածուի շնորհանդեսը։ Ընթերցասերների շրջանում ճանաչում ձեռք բերած գրողը հեղինակ է 16 գրքի, 7 թարգմանական գրքի, ինչպես նաեւ գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների, բանաստեղծությունների ու պոեմների։
«Վարդագույն թթենի» ժողովածուի զգալի մասը հայ-իրանական բարեկամությանը նվիրված «Իմ պարսկերենը» ինքնակենսագրական վիպակ-էսսեի յուրօրինակ ձոնն է համաշխարհային գրականության դասական լեզուներից մեկին՝ պարսկերենին, պարսից մշակույթին եւ մեր երկու ժողովուրդների բարեկամությանը։ Դա դոմինանտում էր շնորհանդեսը վարող ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի եւ ելույթ ունեցողների, այդ թվում՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի, արեւելագետ եւ հասարակական գործիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի, Իրանահայ գրողների միության նախագահ Գարուն Սարգսյանի, քաղաքագետ-վերլուծաբան Էմմա Բեգիջանյանի, թարգմանչուհի Էմիկ Ալեքսանդրիի խոսքում։
Ելույթ ունեցան նաեւ արձակագիր Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկանուշ Մեսրոպյանը, իրանագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գեւորգյանը։ Գրքում տեղ գտած ստեղծագործություններից հայերեն ու պարսկերեն հատվածներ հնչեցին ասմունքողներ Գայանե Սամվելյանի ու Էմիկ Ալեքսանդրիի ընթերցմամբ։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Արտակ Վարդանյանը երախտագիտություն հայտնեց վաստակաշատ թարգմանիչ Էդվարդ Հարությունյանին, որը ժողովածուի կազմողն ու խմբագիրն է, ինչպես նաեւ իր ստեղծագործությունների առաջին պարսկերեն թարգմանության նախաձեռնող, հայ-իրանական մշակութային կապերի երախտավոր Հոսեյն Թաբաթաբայիին, Թեհրանի «Նաիրի» հրատարակչատան տնօրեն Նարեկ Ամիրխանյանին, որի հոր՝ իրանահայ գրահրատարակչության երախտավոր, լուսահոգի Սեպուհ Ամիրխանյանի հիշատակին է նվիրել իր գիրքը (ժողովածուի ձեւավորողն է Մեդեա Կարապետյանը)։
Ի դեպ, ծնունդով Նախիջեւանի Ազնաբերդ գյուղից Արտակ Վարդանյանը ժամանակին զբաղվել է բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, հանդես է եկել նաեւ Սփյուռքի պարբերականներում։ Ուսումնասիրել է Նախիջեւանի եւ Վայոց ձորի բարբառները։ Մասնագետներն առանձնացնում են հատկապես նրա Նախիջեւանի բարբառային քարտեզը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2022