Ռուսաստան-Արեւմուտք լարումը Հայաստանում սրվում է
Հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք անդրադարձել էին հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային խնդիրների: «Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ»,- ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
ՌԴ իշխանությունների հետ հանդիպումների, հեռախոսազրույցների առիթով տարածված բոլոր հաղորդագրություններում նշվում է նույն տեքստը, մասնավորապես՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման, սահմանագծման վերաբերյալ ռուսական ակնկալիքների մասին:
Եթե նույնիսկ նոր՝ Երեւան-Բաքու-Մոսկվա եռակողմ համաձայնագիր ստորագրվի, միեւնույն է, Հայաստանում Ռուսաստանը «քաջալերում» է «ռուսական շահը փրկող» մարգինալ խմբերի կողմից քարոզչության իրականացմանը, որոնք, իբր, իրենց վտիտ ուսերին տանում են «Հայաստանից ՌԴ-ին դուրս չհանելու» ծանր գործը: Ինչ-որ մարդիկ հորդորում են արեւմտյան դեսպանատների մոտ ցույցեր կազմակերպել՝ ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների դեմ նրանց լռության պատճառաբանությամբ: Անհասկանալի է, թե ինչու նույնը նրանք չեն իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջեւ՝ նույն պահանջներով… Թե՞ նրանք համարում են, որ ՌԴ-ի համար մարդու իրավունքների պաշտպանությունը կարեւոր սկզբունք չէ՞…
Կարդացեք նաև
Որոշներն էլ իրենց ցույցերով արդեն ռուսներին «էստի համեցեք»-ով հրավիրում են՝ «Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների գործունեության» դեմ քայլեր իրականացնել, հավանաբար, ոգեւորված՝ Ուկրաինայում պատերազմի «արդարացման» ռուսական «առիթով»: Հետաքրքիրն այն է, որ այդ մարդիկ անգամ զլացել են այդ լաբորատորիաների ստեղծման, գործունեության մեկնարկի ժամանակագրության, դրանց նպատակների ու արդեն գործունեության ընթացքի վերաբերյալ փաստեր հայթայթել: Ու առհասարակ նման «ազգանվեր» թեմաներով ցույցերի կազմակերպիչներն ինչո՞ւ չեն մինչեւ հիմա իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել:
Երկու շաբաթ առաջ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարեց Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ներկայության եւ հնարավորությունների ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցում, ինչպես նաեւ արձագանքելու մարտահրավերներին աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերի պայմաններում: «Մենք Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում եւ Սլովակիայում, վերափոխում ենք լիակատար դեսպանատների՝ մշտական դեսպաններով, եւ ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լատվիայում մեր դեսպանատան միջոցով: Այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին: Բացի այդ, հետեւելով Եվրամիությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց եւ Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը եւ հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաեւ Հայաստանում եւ կնշանակի դեսպան: Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը եւ մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Այս դիվանագիտական ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը եւ աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- ըստ 1lurer.am-ի՝ նշել էր Կանադայի ԱԳ նախարարը:
Երկու շաբաթ է, ինչ հայկական քննարկումների կիզակետում էլ հիմա հայտնվել է ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու թեման, ակնհայտորեն զգացվում է մեկ կետից ուղղորդված հրապարակ «քար» նետելու հարցադրումը՝ «բայց ինչո՞ւ պետք է ՀՀ-ում Կանադան դեսպանատուն բացի»:
Նախ, կանադական արտաքին քաղաքականության պատասխանատուները կարող էին չհայտարարել, որ փորձում են «դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունը», ինչպես ասում են՝ դա առանց հայտարարելու էլ նկատվում է բազմաթիվ պետությունների վարած այսօրվա քաղաքականությամբ, եւ այդտեղ առանձնապես գաղտնիք էլ չկա:
Այստեղ մեր փոքրիկ պետության ինքնիշխանության ամենաթույլ նշույլները սպանելու հայաստանյան «ծառայողների» կեցվածքն է պարզապես ապշեցնում, որ նրանք պատրաստ են դրան՝ հանուն ռուսական քարոզչական նկրտումների: Բանը հասավ նրան, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, այսպես ասած՝ չզսպեց զայրույթը եւ արձագանքեց այդ թեմային: «Ուշադրություն դարձրեցինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությանը՝ Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին: Ամեն ինչ նորմալ կլիներ, բայց տարակուսանք է հարուցում այն, որ համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն»: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որի հետ, կարծես թե, պատրաստվում են ամրապնդել երկկողմանի կապերը: Ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության վրա։ Ինչպես երեւում է, այս սյուժեն պատկերավոր է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը: Այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ հենց այսպիսի ամբարտավան եւ երբեմն էլ ինքնահավան վերաբերմունքն է, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,- ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:
Թողնենք մի կողմ հարցը, թե որքանով էր «դիվանագիտական» ՌԴ դեսպանատան արձագանքը, եւ առհասարակ, որքանով էր տրամաբանական, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն է արձագանքում Կանադայի քաղաքականությանը: Ընդհանրապես, նման խայտառակ արձագանքով ռուսական դիվանագիտության եւ քաղաքականության մակարդակը բարձրացրե՞ց, թե՞ էլ ավելի նսեմացավ…
Բայց այս ամենում առավել ցնցող էր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետեւյալ հարցադրումը՝ «ակամայից մտածում ես՝ ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության վրա…»։
Այստեղ արդեն, «ակամայից», ուզում ես որոշ հարցեր ուղղել արդեն ռուսական իշխանական վերնախավին: Հայ ժողովրդի բարեկեցությամբ եւ անվտանգությամբ «մտահոգ» ՌԴ-ն ինչո՞ւ 2009-ից սկսեց զինել Ադրբեջանին, ընդհանուր առմամբ՝ 5 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելով: Հայ ժողովրդի բարեկեցությամբ եւ անվտանգությամբ «մտահոգ» ՌԴ-ն ինչպե՞ս թույլ տվեց 2016-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, այնուհետեւ 44-օրյա պատերազմը: Ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո Մոսկվան «պարգեւատրեց» Ալիեւին՝ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշինք կնքելով:
Ու ընդհանրապես, հայ ժողովրդի բարեկեցությամբ եւ անվտանգությամբ «մտահոգ» ռուսական քաղաքական էլիտան եւ, մասնավորապես, ՀՀ-ում ՌԴ դեսպանն ինչո՞ւ չեն այցելում Եռաբլուր, իսկ օրինակ` Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը այցելում է Քելբաջար եւ իր ուրախությունն է կիսում՝ մի քանի լուսանկարներ հրապարակելով «դեպքի վայրից»:
Հայ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության մասին «մտածող» ռուսական իշխանություններն ինչպե՞ս կբացատրեն փաստը, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվում է՝ «Фарух»-ից՝ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն անհետանում է ՌԴ ՊՆ-ի քարտեզից:
Ինչո՞ւ Լավրովի երեւանյան վերջին այցի օրերին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» հեռացրեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը:
Եվ մի թարմ խայտառակ փաստի մասին եւս, արդեն, հայերի սիրելի, ռուսաստանցի հայտնի մեկնաբան, իշխանական քարոզչամեքենայի պատասխանատուներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի կատարմամբ: Հայաստանում որեւէ քննարկում, դժգոհություն լսե՞լ եք «ազգանվեր» հարցեր բարձրացնող խմբերից, օրինակ, այս թեմայով՝ ինչո՞ւ Սոլովյովը երկու անգամ ներողություն խնդրեց Ադրբեջանից՝ Արցախի ԱԳ նախարարին հարցազրույցի հրավիրելուց հետո…
Անցյալ ամսվա վերջին Սոլովյովը հարցազրույց էր վարել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Դրան հետեւած իրադարձությունները հիմք ընդունելով, կարելի է ասել, որ ավելի նախընտրելի կլիներ, որ նման հարցազրույց նա առհասարակ չվարեր, որովհետեւ այն, ինչ հաջորդեց այդ հարցազրույցին, իսկապես խայտառակություն էր: Սոլովյովը նշյալ հարցազրույցից հետո նախ ներողություն խնդրեց ադրբեջանական կողմից իր՝ «Սոլովյով Live» YouTube–ի ալիքի եթերում այն բանի համար, որ՝ «չի պահպանել հավասարակշռություն` հարցազրույցի հրավիրելով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին եւ հնարավորություն չտալով արտահայտվել մյուս կողմին»։
Սակայն սա միակ ներողություն խնդրելու ժեստը չէր, Սոլովյովը 24 ժամվա ընթացքում հասցրեց երկրորդ անգամ ներողություն խնդրել Բաքվից՝ Դավիթ Բաբայանին հարցազրույցի հրավիրելու համար: Հավանաբար, Կրեմլից ճնշումն այնքան մեծ էր, եւ Սոլովյովը չբավարարվեց իր յութուբյան ալիքի ուղիղ եթերում ներողություն խնդրելով, նա նաեւ «Ռոսիա-1»-ի՝ դաշնային համառուսաստանյան ալիքի եթերում հանդես եկավ մի խայտառակ «ելույթ-պարզաբանմամբ»։
Հայաստանը հայտնվել է Ռուսաստան-Արեւմուտք հակասությունների կիզակետում, իսկ դա որեւէ դրական ընթացք չի կարող ապահովել մեր երկրի անվտանգության համար՝ հաշվի առնելով ՀՀ արտաքին քաղաքական պատասխանատուների անհեռատես, փնթի, անարդյունավետ գործունեությունը տարբեր կառույցների, երկրների հետ աշխատանքներում: Այս ընթացքը անվտանգային նոր սպառնալիքներ կարող է ստեղծել Հայաստանի ու Արցախի համար, որի համար, ի դեպ, հետեւողական ջանքեր են նաեւ գործադրում Բաքուն ու Անկարան:
Այսօր, առավել քան երբեւէ, հեռատես, հավասարակշռված, հաշվարկված ու զգոն քաղաքականություն է պահանջվում Հայաստանի քաղաքական վերնախավից: Հայաստանի քաղաքական-հասարակական դաշտը պետք է դուրս գա ռուսական օրակարգի սպասարկողի կարգավիճակից, բայց դա ամենեւին չի նշանակում՝ էլ ավելի սրել հարաբերությունները Մոսկվայի հետ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.07.2022