Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյանը Ռազլոգովի եւ մարդկանց սիրելու ցանկությունը հետ բերած իր ֆիլմի մասին

Հուլիս 14,2022 23:33

Հայաստանի կինոգործիչների միությունում կայացավ անվանի կինոգետ Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն ասաց, որ Կիրիլ Ռազլոգովը փառատոնի հիմնասյուներից մեկն է եղել, բայց ցավոք վերջերս «դավաճանել» է իրենց ու հեռացել կյանքից. «Նա 19 փառատոներից 17-ին նա մասնակցել է»:

Հայաստանի Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ գիրքը տարիների աշխատանքի արդյունք է. «Մենք միասին ճամփորդում էինք ամբողջ աշխարհով մեկ, ես հաճախ մոռանում էի շատ բաներ, իսկ ինքը գրի էր առնում հիշողությունները, որոնք վերջում վերածվեցին գրքի: Այս գիրքն այնքան ֆիլմերի մասին չէ, որքան մեր մտերմության ու ճամփորդությունների»:

«Ոսկե ծիրանի» հիմնադիրներից Միքայել Ստամբոլցյանն էլ հուշեր պատմեց Ռազլոգովի մասին, ասաց, որ նրան ճանաչում է 1964 թվականից, երբ միասին ընդունվել են բուհ, այնուհետեւ համատեղ աշխատել: Միքայել Ստամբոլյցյանը հավելեց, որ նրա հետ կապված այնքան հիշողություններ կան, որոնք պատմելու համար ժամանակը չի հերիքի, թերեւս գիրք գրվի այդ մասին: Իսկ Ռազլոգովին բնորոշեց որպես նպատակասլաց մարդ, որը երբեք չէր բողոքում ոչնչից, փոխարենը անընդհատ գործ էր անում:

Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանն ասաց, որ հնարավոր չէ Ռազլոգովին ողջ չհիշել, հիմա էլ նրան այնպես է ընկալում, որ իր կողքին է, քանի որ նրա գիրքն է իր ձեռքին է: Նա Ռազլոգովին բնորոշեց որպես մարդ մշակույթ, ասաց, որ ռուս կինոգետի հետ շփվելը, անգամ երբեմն վիճելը շատ հետաքրքիր էր:

Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսին նրա դուստրը՝ Անաստասիան ասաց, թե հայրը շատ էր սիրում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, եւ շատ էր ցանկանում, որ գիրքը ոչ միայն այլ լեզուներով, այլեւ պարտադիր հայերենով հրատարակվի:

Շնորհանդեսին հաջորդեց Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է նկարիչ Վահան Անանյանին։ «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց, որ ֆիլմը հետազոտություն է, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 30 տարի, ապա հավելեց, որ այն ինչ-որ առումով կարելի է «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի ամփոփոխումը համարել:

Հարություն Խաչատրյանն ասաց, որ իր ֆիլմերում մտածելու առիթներ է տալիս ամեն ինչի մասին, եւ ոչ թե հարցերի պատասխաններ: Ասաց նաեւ, որ ֆիլմը դեռ ավարտված չէ, դեռ աշխատանքներ կան, բայց այն հետաքրքիր պատմություն ունի. «Սա ամբողջ ընտանիքով նկարված ֆիլմ է, եւ ամբողջ ընկերությամբ, համարյա առանց փողի, առանց մեծ ճամփորդությունների, մենք գնացել ենք Տալլին, Մոսկվա, Երեւան, հիմնականում Օդեսայում ենք եղել»:

Նա մի փակագիծ բացեց, ասաց, որ հիմա կարող է իրեն թույլ տալ այդ մասին խոսել. «Տարուկես առաջ ես ստացա շատ ծանր կաթված… եւ հիշողություն չկար, եւ ցանկություն չկար աշխատելու…Մի քանի ամիս պառկեցի: Ես ունեի ֆիլմ, որն ավարտված չէր, դա Վահան Անանյանի մասին ֆիլմն էր: Ես նրան մահից առաջ խոսք էի տվել, որ անպայման կավարտեմ: Առաջին օրերին աշխատում էի մի քանի րոպե, հետո կես ժամ, հետո հետ բերեցի իմ հիշողությունը, աշխատելու ցանկությունը, իսկ ֆիլմը հետ բերեց մարդկանց սիրելու ցանկությունը, որը շատ կարեւոր է»:

Հարություն Խաչատրյանի որդին՝ Ռուբենն ասաց, որ երջանկություն է աշխատել հոր՝ Հարություն Խաչատրյանի հետ: Նշեց, որ եղբայրը՝ Վահագնն էլ նույնը կասի: Ընդգծեց, որ բազմաթիվ դժվարություններ են եղել ֆիլմը նկարելիս, բայց կարեւորը ճիշտ ավարտն էր՝ Հարություն Խաչատրյանի եւ պրոֆեսիոնալ մարդկանց շնորհիվ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031