ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները` այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը որեւէ փոփոխության չի ենթարկվել:
Կարդացեք նաև
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը , որի հեղինակն է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Հեղինակներն առաջարկում են համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ ընտրողների թվից, կուսակցությունների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ` այդպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը:
Փաթեթով նախատեսվող բոլոր առաջարկները` այստեղ:
Առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում կատարվել են մի շարք փոփոխություններ: Փաթեթում ավելացվել են «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծերը: «Կուսակցությունների մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ կուսակցությունները եւս չեն կարող ունենալ անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ եւ դրանց շփոթելու աստիճանի նման անվանումներ եւ/կամ դրանց հոլովաձեւեր: Փաթեթից հանվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Կառավարության առաջարկով տեխնիկական փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը շնորհակալություն է հայտնել հեղինակներին` լայնածավալ աշխատանք կատարելու համար: Պատգամավորը կարեւորել է նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները:
ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը նշել է, որ նախաձեռնությունը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ, անցկացվել են հանրային լսումներ: Կառավարության ներկայացուցիչն ընդունելի է համարել առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները:
Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ Ազգային ժողով