2018 թ. անցումային արդարադատությունն օրակարգային է Հայաստանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ անցումային արդարադատության գործընթացները սերտորեն առնչվում են հասարակական եւ քաղաքական կայունության հետ, եւ այս համատեքստում ցանկալի է կառուցվածքային աջակցությունը Հայաստանի քաղաքացիական, դատաիրավական եւ քաղաքական հաստատություններին: Այս մասին ասել է ԱՄՆ Նեւադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, ազգությամբ հայ Ներսես Կոպալյանն «Իրավական մոտարկում ԵՄ արժեքահեն օրենսդրությանը» խորագրով ակադեմիական կլոր-սեղան քննարկման ընթացքում:
Նա կարեւորել է դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը Հայաստանում: Ըստ Ներսես Կոպալյանի՝ այս դասընթացն էական ազդեցություն կունենա աշխատակազմի մասնագիտական որակի ապահովման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ազգային ժողովի կարողությունների հզորացում՝ ՀԸԳՀ վերահսկողության եւ իրականացման հետագա աջակցության նպատակով» Թվինինգ ծրագրի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ հուլիսի 14-ին խորհրդարանում տեղի ունեցած սեմինարին մասնակցել են ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ԱԺ հանձնաժողովների փորձագետները, ուսանողներ եւ դասախոսներ տարբեր բուհերից
Իրավունքի եւ քաղաքագիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ ակադեմիական քննարկման նպատակն է ներկայացնել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրներում իրավունքի գերակայության հետ կապված վերջին զարգացումները` տեսական եւ գործնական մակարդակներում, ինչպես նաեւ ձեւավորել երկխոսություն Ազգային ժողովի եւ ակադեմիական համայնքի միջեւ:
Կարդացեք նաև
Առանցքային թեմաներն էին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը՝ ուղղված իրավունքի գերակայության ապահովմանը, եվրոպական փորձը եւ խորհրդարանների դերը:
Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի համակարգող դոկտոր Աննա Խվորոստիանկինան մասնակիցներին ծանոթացրել է իրավունքի գերակայության գաղափարին, վերջինիս պատմությունը, ներկայացրել դրա էությունն ու դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում:
Իրավունքի գերակայությունը ԵՄ-ում, եվրոպական իրավական համակարգի հիմնարար արժեքների մասին է խոսել Աթենքի Պանթեոնի համալսարանի պրոֆեսոր Վասիլիս Հացոպուլոսը: «ԵՄ-ում առանցքային է օրենքի գերակայությունը, ինչը Հայաստանի համար եւս հույժ կարեւոր է: Մենք ԵՄ-ում աշխատում ենք օրենքի գերակայության վրա մի քանի տասնյակ տարիներ, եւ աշխատանքները դեռեւս շարունակվում են: Օրենքի գերակայություն հասկացությունը զարգանում է մեր դատական եւ քաղաքական իրականությանը համահունչ»,- ասել է պրոֆեսոր Վասիլիս Հացոպուլոսը:
Միլանի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Բարաջիան էլ անդրադարձել է իրավունքի գերակայության ճգնաժամին՝ սեմինարի մասնակիցներին ներկայացնելով Լեհաստանի եւ Հունգարիայի օրինակները: Իսկ դոկտոր Միհայ-Ռազվան Կորմանը ներկայացրել է իրավունքի գերակայությունը ասոցիացիաների եւ թեկնածուների միջեւ հարաբերություններում՝ Մոլդովայի փորձի օրինակով:
ՀՀ Ազգային ժողով