Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, լիովին հավատարիմ է մնում Մինսկի խմբի համանախագահի իր դերին». Անն Լույո

Հուլիս 14,2022 22:33

Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն ընդունելություն էր կազմակերպել: Նախ հնչեցին Ֆրանսիայի Հանրապետության  եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը՝ բաս բարիտոն Ադամ Բարոյի կատարմամբ. այնուհետեւ ելույթ ունեցան  ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մեծ հուզմունքով եմ դիմում ձեզ, քանի որ վերջին անգամ հուլիսի 14-ը նշվել է 2019-ին: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը կրել է պատերազմի եւ Քովիդ 19-ի ծանր հարվածները, մտքերս նրանց հետ են, ովքեր զոհվեցին այդ ընթացքում: Այսօր Եվրոպան խորապես ապակայունացվել է Ուկրաինայի դեմ ուղղված չարդարացված ագրեսիայի պատճառով, որն արդեն  իսկ բազմաթիվ զոհեր է տվել, եւ որը մենք խստորեն դատապարտում ենք: Ժողովրդավարությունը վտանգված է բազմաթիվ շրջաններում»,-ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Ի թիվս այլնի, դեսպանն իր խոսքում նշեց, որ  Ֆրանսիան վերջին 6 ամիսների ընթացքում իրականացրել է ԵՄ խորհրդի նախագահությունը, Ֆրանսիայի առաջնահերթությունների թվում է Եվրոպայի ինքնիշխանության ամրապնդումը, որպեսզի կարողանա հավակնոտ երկխոսություն վարել հեռավոր ու մերձավոր հարեւանների հետ, ինչպես դա արվում է Հայաստանի դեպքում:

Նա անդրադարձավ հայ-ֆրանսիական կապերին եւ հանուն ժողովրդավարության՝ ընդհանուր հանձնառություններին: «Հայաստանը վճռականորեն ընտրել է այդ ուղին եւ խիզախորեն հետամուտ է օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված  բարեփոխումներին՝ թույլ չտալով, որ իրեն շեղեն այդ նպատակից: Մենք ողջունում ենք այդ հանձնառությունը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հետ երկխոսության անկեղծությունը: Բոլորս գիտենք, որ ժողովրդավարությունը երկար գործընթացի եւ հասարակության բոլոր բաղադրիչների հետ երկխոսության արդյունք  է: Դուք գիտեք՝ մենք ձեր կողքին ենք՝ հանուն երիտասարդության ապագայի եւ երկրի անվտանգության համար անհրաժեշտ այս գործընթացում: Հանուն անվտանգության Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը:

Այս համատեքստում Ֆրանսիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ը լիովին հավատարիմ է մնում Մինսկի խմբի համանախագահի իր դերին, Ֆրանսիան սատարում է այս ուղղությամբ Եվրամիության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031