Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրեթե ամեն օր հոսպիտալացվում են քաղաքացիներ, որոնք բազմաթիվ վնասվածքներ են ստանում ինքնագլոր վարելիս

Հուլիս 14,2022 21:00

Երեւանում երիտասարդների շրջանում շատ տարածված եւ նորաձեւ ինքնագլորներով տեղաշարժվելը գուցե փրկություն են խցանումներից խուսափելու համար, սակայն դրանք կարող են վտանգավոր լինել ինչպես վարողի, այնպես էլ հետիոտնի համար։ Համալսարանական բուժհաստատությունում գրեթե ամեն օր հոսպիտալացվում են քաղաքացիներ, որոնք բազմաթիվ վնասվածքներ են ստանում ինքնագլոր վարելիս:

Խնդրի մասին առաջինն ահազանգել են համալսարանական մասնագետները: Էլեկտրական ինքնագլորներից տուժածները շտապօգնության միջոցով նաեւ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխում: Էլեկտրական ինքնագլորներից տուժած 40 քաղաքացի է տեղափոխվել «Հերացի» համալսարանական հիվանդանոց. սա միայն վերջին 3 ամսվա վիճակագրությունն է:

«Առավոտ»-ի հետ զրույցում հիվանդանոցի Ընդունարանի եւ անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանն ասում է՝ ինքնագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում. «Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը եւ հարվածել կայանված կամ երթեւեկող ավտոմեքենայի»։

Նա նշում է՝ տուժածներին հիմնականում բուժօգնություն է տրամադրվում ամբուլատոր պայմաններում, սակայն ստացիոնար բուժում ստացողներն էլ քիչ չեն: «Երկու դեպք ենք գրանցել, երբ տուժողները եղել են ոչ թե ինքնագլոր վարողները, այլ՝ հետիոտնը, որը տուժել է էլեկտրական ինքնագլորի հետ բախումից»,-ասում է Գայանե Ստեփանյանը։

Բժիշկն ասում է՝ ինքնագլորով պետք է տեղաշարժվել միայն նախատեսված ուղիներով, կրել պաշտպանիչ պարագաներ եւ իհարկե, ուշադիր լինել։

Ինչ վերաբերում է փոխադրամիջոցը խմբակային վարելու արձանագրված դեպքերին, ապա Գայանե Ստեփանյանը նկատում է, որ նման դեպքերում նվազում է մարդու կողմնորոշվելու կարողությունը, ինչն էլ վթարի հավանականությունն է մեծացնում, եւ անցանկալի հետեւանքներ են գրանցվում՝ քաղաքացիների առողջությունն է վնասվում։

Բժիշկն ասում է՝ տուժածները, բարեբախտաբար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրահատարանում չեն հայտնվել, բայց կոտրվածքներով պացիենտները ստիպված են եղել բուժօգնությունը շարունակել հիվանդանոցային պայմաններում: Մասնագետների փոխանցմամբ` գուցե էլեկտրական ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար եւ մատչելի փոխադրամիջոց են, արագ շրջանցում են խցանումները, բայց, ինչպես այլ տեսակի փոխադրամիջոցները, ինքնագլորներն էլ անվտանգ չեն։

Ուստի, բժիշկները հորդորում են՝ այս փոխադրամիջոցը վարելիս՝ լինել զգոն, ուշադիր եւ պատասխանատու:

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031