Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառակ որդիներին պետք է վերադառնալու հնարավորություն տալ»․ Ռուբեն Ռուբինյան

Հուլիս 14,2022 20:20

Ինչպես հայտնել էինք, այսօր իշխանական խմբակցությունը որոշել է ընդդիմադիր պատգամավորների մեծ մասին մանդատից զրկելու հարցով առայժմ չդիմել ՍԴ։ Տեղեկությունը հայտնած ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց նաեւ մի շարք այլ հարցադրումների։

-Ո՞րը կլինի իշխանության որոշումը, եթե սեպտեմբերին ընդդիմությունը վերադառնա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթացի նախաձեռնությամբ։

-Իրենց փողոցային շարժման պահանջը վարչապետի հրաժարականն էր։ Այն ավարտվեց նրանով, որ ԱԺ մեծամասնությունը պաշտոններից հեռացրեց Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին, մյուսները հրաժարվեցին պաշտոններից, երկուսն էլ դրեցին մանդատները։ Ենթադրում եմ, որ նման գործընթացի դեպքում այն կարող է ավարտվել այլ պատգամավորների մանդատները դնելով։ Ամեն դեպքում, իրենց ցանկացած գործողություն բերում է իրենց շարքերի նոսրացմանը։

-ՔՊ-ում էլ կան պատգամավորներ, որոնց բացակայությունների թիվը մեծ է, ինչո՞ւ այդ հիմքով ԱԺ խորհուրդը չի քննարկում նրանց մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ 

-ՔՊ-ում չկան պատգամավորներ, որոնց բացակայությունների շեմը հատել է այն կետը, որից հետո ծագում է ՍԴ դիմելու հարցը։ Այս նստաշրջանի համար ՍԴ չենք դիմելու։ Եթե հաջորդ նստաշրջանում լինեն բացակայություններ, կրկին ավտոմատ կերպով հարցը գալու է օրակարգ։

-ՔՊ-ում կայի՞ն պատգամավորներ, որոնք դեմ են եղել ՍԴ դիմելուն, մասնավորապես՝ արեւմտամետ դիրքորոշում ունեցողները։

-ՔՊ-ում չկան արեւմտամետներ, ՔՊ-ում բոլորը հայաստանամետ են։ Մեր բոլոր քննարկումներում կարծիքները տարբեր են, եւ դա շատ նորմալ է ․․․Եվ, ի վերջո, անառակ որդիներին պետք է վերադառնալու հնարավորություն տալ։ Չեմ ուզում թյուր կարծիք ստեղծվի, թե մենք առանձնապես փափագով սպասում ենք ընդդիմության վերադարձին խորհրդարան։ Անձամբ ինձ մեկ է, բայց մենք մեր կողմից հնարավորությունը պահում ենք։ Արդեն բացատրել եմ, թե ինչու։ Կգան, թե ոչ, իրենց որոշումն է։ Եթե չվերադառնան, ԱԺ նիստերը կունենան ավելի բարձր որակ, զերծ կլինեն վիրավորանքներից, անիմաստ մտքերից, պոպուլիզմի անիմաստ դրսեւորումներից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հայտնի մեթոդ է՝ մարդաշատ վայրում գողության ժամանակ գողը գոռում է. «Բռնե՜ք գողին», ցույց տալով մեկ ուրիշ «անառակ որդու»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031