Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով չեն դիմի ՍԴ․ ո՞րն է որոշման պատճառը

Հուլիս 14,2022 19:59

Ընդդիմության պատգամավորների մեծ մասին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու օրակարգով  ԱԺ խորհրդի նիստն այսօր չկայացավ, քանի որ խորհրդի անդամ հանդիսացող ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել։ Նիստը հետաձգվեց մեծ շաբաթով։

Ինչ վերաբերում է ՔՊ-ի որոշմանը, ապա ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց․ «Նշյալ պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ միջնորդությամբ չենք դիմելու ՍԴ։ Նախ, արձանագրենք, որ վերջերս մի քանի ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԺ պաշտոններից հեռացվելու համատեքստում հանձնաժողովների եւ ԱԺ աշխատանքի կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված։ Բացի այդ, մեր քաղաքական հավատամքի մեջ է մտնում հարգելը ժողովրդի տված քվեն։ Կարծում ենք, որ ընդդիմության այս պահելաձեւն առաջնահերթ հենց իրենց ընտրողների համար պետք է խնդիր լինի»։

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները հաջորդ ընտրություններում պետք  է վերանայեն իրենց մոտեցումները։ Նկատառմանն ի պատասխան, որ նախկինում հաստատակամ էին ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցում, հիմա միջազգային հանրության կողմից ճնշո՞ւմ կա, Ռուբինյանն ասաց․ «Հարցապնդումը չեմ հասկանում։ Մենք երբեւէ չենք ասել, որ ՍԴ ենք դիմելու։ Ի՞նչ կապ ունի դա իմ ասածի հետ։ Ասել ենք՝ կա հարց, եւ այն ավտոմատ կերպով գալու է ԱԺ խորհուրդ, որովհետեւ բացակայությունների շեմը հատվել է։ ՍԴ այս հարցով չենք դիմելու»։

Հարցին՝ ինչո՞ւ այդքան քննարկեցին հարցը, եթե արդյունքում վերջնական լուծում չէին տալու, Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «ՔՊ տարբեր ներկայացուցիչներ ասել են, որ հարցը քննարկվում է, որովհետեւ հարցրել եք այդ մասին եւ ստացել պատասխաններ։ Կայացվել է որոշում, որն արդեն իսկ ասացի։ Պատճառներից մեկն էլ նաեւ այն է, որ կարծում ենք՝ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայունություն ու համերաշխություն։ Եվ վերջինը․ կարծում ենք, որ եթե ընդդիմությանը թվում է, որ դիմելու ենք ՍԴ եւ փախուստի փրկօղակ նետենք իրենց, ապա սխալվում են։ Պետք է գան ԱԺ եւ գլուխները կախ աշխատեն, չկարողանան ասել այն, ինչ այս ամիսներին ասել են փողոցներում, մենք էլ պետք է նայենք իրենց աչքերին եւ ասենք այն, ինչ ուզում ենք»։

Լրագրողները հիշեցրին՝ ընդդիմությունն ասել է, որ չի գալու։ «Գլուխները կախ կգան։ Չգան՝ կքննարկենք։ Չգան, կստացվի, որ նորից առաջ կգա ՍԴ դիմելու հարցը»,-արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։  Հարցին՝ այդ ժամանակ ՔՊ-ն էլի պատճառներ կասի՞ չդիմելու համար, նա պատասխանեց․ «Կյանքը փոփոխական է։ Եթե վերահաստատեն հարգանքի բացակայությունը ժողովրդի քվեի հանդեպ, քննարկումներն այլ կլինեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031